01/06/2013 13:07
Նարե Հայրիկյան. Վազեցինք փողոց, հայրիկը արյունոտված ընկած էր գետնին
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Վարդան Սեդրակյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Դատարանը անցավ Պարույր Հայրիկյանի դստեր՝ Նարե Հայրիկյանի հարցաքննությանը: Ն. Հայրիկյանը նշեց, որ ինքն ու մայրիկը հեռուստացույց էին դիտում. «Այդ պահին դրսից խուլ պայթյունի պես ձայն ու բարձր գոռոց լսվեց, ես վազեցի պատուհանի մոտ, տեսա հայրիկի պորտֆելը ձեռքից թռավ, վազեցինք փողոց, հայրիկը արյունոտված ընկած էր գետնին, հարևանները ոստիկանություն, շտապօգնություն էին կանչում, նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Այդ օրը մեր հարևաններից մեկը դրսում սև շորով մարդ է նկատել, մանրամասներ չի հայտնել, իր մայրն է ինձ ասել, որ նման մարդ է նկատել փողոցում»,-ասաց նա:
Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հարցրեց՝ ի՞նչ է ասել Պ. Հայրիկյանը այդ պահին: Ն. Հայրիկյանը նշեց, որ միայն գոռում էր ցավից:
Դատարվորի հարցին՝ կրակոցի ձայն լսել է, Ն. Հայրիկյանը նշեց, որ այո, նման բան լսել է:
Ն. Հայրիկյանը նշեց, որ հայրիկը իրեն դեպքի հետ կապված որևէ բան չի հայտնել:
Պաշտպան Գայանե Գալոյանը խնդրեց պարզաբանել, ինչ վիճակում է տեսել պայուսակը, Ն. Հայրիկյանը նշեց, որ տեսել է պատուհանից այն օդում թռչելիս, հետո էլ երբ հասել է բակ, տեսել է այն գետնին հավասարվելու պահին:
Նախորդող հրապարակում՝ Պ. Հայրիկյանի կինն այսօր հարցաքննվեց. Հայրիկյանը նիստին չէր ներկայացել