01/06/2013 12:46
Պ. Հայրիկյանի կինն այսօր հարցաքննվեց. Հայրիկյանը նիստին չէր ներկայացել
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Վարդան Սեդրակյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Պարույր Հայրիկյանը այս դատական նիստին չէր ներկայացել: Տուժող կողմի պաշտպան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց Հայկական Կարմիր խաչի տեղեկանքը, որ Պ. Հայրիկյանը 2013թ. մայիսի 15-ից գտնվում է բժշկական հսկողության տակ: Դատավորը առարկեց, որ չեն ներկայացվել դատական նիստից բացակայելու հիմքեր, ինչին Լ. Բաղդասարյանը նշեց, որ Պ. Հայրիկյանը կներկանայան իր հարցաքննությանը:
Այսօր հարցաքննվեց Պ. Հայրիկյանի կինը՝ Սուսաննա Ավագյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներից որևէ մեկին չի ճանաչում:
«Այդ ժամին իմ աղջկա հետ հեռուստացույց էինք նայում, ուժեղ աղմուկ լսվեց, Նարեն մոտեցավ պատուհանին և բղավեց՝ հայրիկն է, մամ: Ես պատուհանին չմոտեցա, միանգամից վազքով դեպի շքամուտք նետվեցի, այդ ընթացքում ինքը բարձրանում էր, ընկավ աստիճանների վրա, տեսա արյունը շատրվանի նման գալիս է կրծքից: Արյունը հորդում էր կրծքավանդի կենտրոնական մասում՝ մի փոքր ներքև: Այդ ժամանակ հարևանները գրեթե միաժամանակ նետվեցին դեպի Պարույրը, ինքը ուշագնաց էր լինում, հարևանը ապտակեց նրան: Հիմա մշուշի նման եմ հիշում, չեմ հիշում, ով, երբ, ինչպես զանգեցին ոստիկանություն և շտապօգնություն, և ես իր հետ շտապօգնությունով գնացի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց»,-ասաց նա:
Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը խնդրեց նկարագրել՝ ինչպես է արյունը հորդել, որովհետև հիվանդանոց ընդունվելու պահին նրա արյան ճնշումը եղել է 110-80: Ս. Ավագյանը սկսեց ավելի բարձր ձայնով և հուզված պատասխանել հարցերին: Մեղադրող դատախազը առարկեց, որ հարցը վերաձևակերպվի և դատավորը հանեց հարցը:
Դատավորը Ա. Սիրունյան, Ավետիսյան պաշտպաններին և դատախազին ասաց, որ կողմը պետք է ավարտի իր խոսքը, որից հետո կարող են առարկել, իսկ տեղից պատասխանելու և վիճաբանելու դեպքում կմտածի պատժի միջոցների մասին:
Դատավորը հարցրեց, թե ի՞նչ է պատմել ամուսինը: «Նա տեսել է, որ մոտենում է ինչ-որ մեկը, ձեռքը ինչ-որ բանով փաթաթված, շարժումներ է արել»,-ասաց նա, նշելով, որ մնացածը չգիտի, ամուսինը կասի:
Դատարանը անցավ Նարե Հայրիկյանի հարցաքննությանը:
Վ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Խ. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերելով` 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:
Ս. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: