03/06/2013 12:39
Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը
Aysor.am-ի տեղեկություններով` Գորիսում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը։
ՊՆ քննչական ծառայությունից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այս տեղեկատվությունը, նշելով, որ շուտով հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:
Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալվել է նաև Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախորդող հրապարակում` Սուրիկ Խաչատրյանի որդին ոստիկանությունում է, թիկնապահը` ձերբակալված