05/06/2013 15:52
Գնդապետ Բուդաղյանը հնարավոր է մեկ-երկու օրից տեղափոխվի ընդհանուր բաժին
«Գնդապետ Արտակ Բուդաղյանը, հնարավոր է, մեկ-երկու օրվա ընթացքում վերակենդանացման բաժնից տեղափոխվի ընդհանուր բաժին»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը և հավելեց, որ բժիշկները գործ են ունեցել հրազենային մեկ վնասվածքի հետ, վիրահատության ընթացքում պարզվել է, որ գնդակը մնացել է լյարդի մկանների մեջ:
«Գնդապետ վիճակը դեռ կայուն-ծանր է գնահատվում, սպասում ենք դրական դինամիկայի, գնդապետը շարունակում է մնալ մեր հսկողության տակ և ստանում է հետվիրահատական պլանային բուժում»,- ասաց բժիշկը:
Ասատուրյանի խոսքով՝ գնդապետը հոսպիտալ բերվելուց հետո եղել է գիտակցության մեջ, գիտակցությունը ոչ մի պահի չի կորցրել, բժշկական տեսանկյունից ճիշտ չէ, որ նրա մոտ շատ մարդիկ մտնեն:
«Հիմնականում կնոջ հետ է խոսում, նրան այցելել է նաև զինդատախազը, ինչքանով, որ մենք ենք տեղյակ` դեպքի մանրամասները հիշում է, բայց դեռևս նպատակահարմար չէ այդ մասին խոսել, այդ հարցը կքննարկվի, երբ գնդապետը տեղափոխվի ընդհանուր բաժին»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Զինվորական հոսպիտալի պետը նշեց, որ հայաստանյան պայմանները լիովին բավարարում են գնդապետի բուժման համար և արտասահման գնալու կարիք չի լինի. «Գնդապետն ուժեղ տղամարդ է, ուժեղ հայ սպա, նա շուտով կվերականգնվի ու մենք նրան առողջ կտեսնենք»,- ասա փոխգնդապետն ու ավելացրեց. «Հույս ունենեք, որ գնդապետ Բուդաղյանը հնարավորինս շուտ կվերադառնա ծառայության»:
Գնդապետ Բուդաղյանին բուժշող բժիշկ Սևակ Շահբազյանի խոսքով՝ այսօր փորձել են նստեցնել գնդապետ Բուդաղյանին. «Ճիշտ է գնդապետը մի փոքր գլխապտույտ է ունեցել, բայց դրական դինամիկան ակնհայտ է»,- ասաց գնդապետին բուժող բժիշկն ու կատակեց. «Եթե այստեղ ինձ քիչ հարցեր տաք` հետ կգնամ պալատ ու կփորձեմ քայլեցնել գնդապետին»: