07/06/2013 15:52
Ի՞նչ է կատարվել Նոյեմբերյանի զորամասում. Պատմում է հրամանատարը
Նոյեմբերյանի N զորամասում, որտեղ մայիսի 15-ին տեղի էր ունեցել միջադեպ, որի ժամանակ սպանվել էր զինծառայող Լյուքս Ստեփանյանը, լրագրողների հետ հանդիպմանը հրամանատար Վահագն Ասատրյանը ներկայացրեց դեպքից որոշ մանրամասներ:
Վ. Ասատրյանի խոսքով` պահակային մուտքի մոտ կանգնած ժամապահը` Դավիթ Խաչատարյանը, իրենից մոտ 25-30 մետր հեռավորության վրա հանգստացող 4 պահակայինների ժամ է հարցրել, սակայն ժամացույց չունենալու պատճառով նրանք չեն կարողացել պատասխանել: Դրանից հետո վիճաբանություն է սկսվել, որից հետո ժամապահը կրակել է պահակայինների ուղղությամբ, որի գնդակը դիպել է Հրաչ Սարգսյանին, հետո պատին, ապա պատից անդրադարձել Լյուքս Ստեփանյանին:
Վահագն Ասատրյանը հայտնեց, որ մեկ տարի է, ինչ այս գնդում հրամատար է, սակայն երեք տարի է այս զորամասում նման դեպքեր չէին գրանցվել. «Ինքնախեղման դեպքեր չեն արձանագրվել»:
Վ. Ասատրյանը հայտնեց իր անձնական կարծիքը, ըստ որի, Դավիթ Խաչատրյանը միտումնավոր չի կրակել: Հարցին, թե ի՞նչն է նման դեպքերի պատճառը, Վ. Ասատրյանը կարևորեց դաստիարակությունը և իրենց հետագա աշխատանքը զինվորի հետ:
Նշենք, որ Նոյեմբերյանի N զորամասում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այս զորամասը լավագույններից մեկն է, իսկ հրամանատարը ռազմական կրթությամբ ամենապատրաստված հրամանատարներից է, ով, նախարարի խոսքով, ենթարկվել է պատժի, սակայն չի հեռացվել:
Նախորդող հրապարակումներ՝ Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինվորի վիճակը բավարար է
Լ. Ստեփանյանի վրա կրակած զինծառայողը լաց է եղել. Նա չի հիշում` ոնց է կրակել