12/06/2013 11:23
Լրագրողի նոթերից. Սեդա. Զինվորի կինը
1988-ին երկու տարեկան էի: Մանկապարտեզի մեր դաստիարակչուհին` ընկեր Վիկտորիան, մեզ տարազ էր հագցնում, ազգագրական երգեր սովերցնում... Ես էլ հագնում էի տարազս ու վազում տանը: Երգում էի, մեկ-մեկ երգս կտրում, ձեռքս վերև բարձրացնում ու գոռում` «խրո~խտ»: Չգիտեմ ինչու, պատկերացնում էի, որ ես Սոսեն եմ: Այդ տարիներին ամեն տուն իր Սոսեն ուներ: Այն ժամանակ չգիտի, որ մի օր հանդիպելու եմ նրան:
Նրան ճանաչում եմ արդեն քսան տարի, բայց ծանոթացել ենք վերջերս: Ամեն առավոտ բացում եմ աչքերս ու տեսնում Հայաստանի քարտեզը: Նրա դիմանկարն է: Նա Սեդան է: Ոչ ոք նրա ազգանունը չի ասում: Հերոսներն ազգանուն չունեն: Այդպես էր Անդրանիկը, Չաուշը, Սոսեն... Իսկ հիմա Սեդան: Մոնթեի Սեդան:
Աչքերը փայլում են, երբ պատմում է Մոնթեի մասին: Նա երբեք Մոնթեի մասին անցյալով չի խոսում: Հիմա էլ ասում է` Մոնթեն ասում է, Մոնթեն մտածում է... Երբ Մոնթեին տանում էին Եռաբլուր, մարդիկ չնստեցին իրենց համար վարձված ավտոբուսները: Մոնթեին իրենց ուսերին տարան: Սեդան չառարկեց: Դեռ պատերազմից առաջ հասկացել էր` Մոնթեն նախ հայրենիքինն է, հետո` իրենը: Ծանոթներիցս մեկն ասում է` մահը երկու տեսակի է լինում` մահ ու հեռացում: Մոնթեն շրջանցեց մահը` մարդիկ ձեռքից ձեռք փոխանցեցին նրան Աստծուն:
Սենյակ է մտնում Սարոն: Երեք տարեկան է: Սեդան իր սպիտակ, խնամված ձեռքերի մեջ թաքցնում է որդու համար գնված նվերը: Փոքր, գույնզգույն կիթառը ձայներ է հանում: Սարոն ուրախ վերցնում է այն ու անգլերեն ասում` նայի’ր: Սեդան գրկում է որդուն ու խնդրում, որ հայերեն խոսի: Սարոն պետք է հայերեն լավ խոսի:
Սեդայի մասին գրածս անավարտ մնաց. ձևը չգտա, չուզեցի, չստացվեց: Սեդան էլ Ավոյի մասին է գրում. էլի անավարտ. Ավոն վերջ չունի:
2003 թվական
Լուսանկարը` Haynews.am