14/06/2013 19:21
Արտակ Բուդաղյանը, հնարավոր է, վաղը հիվանդասենյակ տեղափոխվի
Հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Ա. Ասատուրյանի խոսքով` նա թեև գտնվում է վերակենդանացման բաժանմուքնում, բայց կարողանում է քայլել, խոսել: Հարցին` գնդապետը արդեն տեղյա՞կ է եղբոր սպանության մասին, բժիշկը պատասխանեց, որ այդ թեմայով չի խոսել Բուդաղյանի հետ, սակայն ենթադրում է, որ ոչ:
Հոսպիտալի պետը նշեց, որ Ա. Բուդաղյանի բուժումը կշարունակվի ևս 20 օր: «Եթե բուժումը մեր նախատեսված ձևով ընթանա, ապա նրա բուժումը կտևի ևս 20 օր»,- ասաց նա:
Ա. Ասատուրյանը նշեց, որ, հավանական է, Ա. Բուդաղյանին վաղը առավոտյան հիվանդասենյակ տեղափոխեն:
Հիշեցնենք, որ Ա. Բուդաղյանը հրազենային վնասվածք էր ստացել լյարդի շրջանում, որից հետո 3 վիրահատության էր ենթարկվել:
Նախորդող հրապարակում` Կրակել են Բուդաղյան եղբայրների վրա. Գնդապետ Բուդաղյանի վիճակը ծանր է
Գնդապետ Բուդաղյանը կրկին վիրահատվել է. Նրա մարմնից ևս մեկ գնդակ են հանել