19/06/2013 15:17
«Տոնուսը» սնանկ է ճանաչվել
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, սնանկության կամավոր դիմումի հիման վրա սնանկ է ճանաչել «Տոնուս» ընկերությանը:
Ավելի վաղ «Տոնուսի» կողմից սնանկության մասին դիմումը հետ է ուղարկվել` փաստաթղթերի թերի լինելու պատճառով: Ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հրանտ Ղամբարյանը:
Նշենք, որ «Տոնուս» ընկերությանը խաբեության մեջ մեղադրող Դավիթաշեն երկրորդ թաղամասի 46 շենքի հարևանությամբ գտնվող նորակառույցի մի շարք բնակարանների սեփականատերեր այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի առջև՝ պահանջելով տալ իրենց բնակարանները:
Սեփականատերերը պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ և ըստ պայմանագրի` մինչև 2010 թվականի սկզիբը պետք է ստանային բնակարաններ, սակայն մինչև այժմ չեն ստացել, քանի որ իրենց ասվել է, որ ընկերությունը սնանկ է և ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը:
Ակցիա անցկացնողներից տիկին Անուշը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ նախնական պայմանագրով ինքը շենքի բնակիչ է համարվում 2007 թվականից: Նրա խոսքով` բնակարանի գինը վճարել են ամբողջությամբ, բայց պարզվել է, որ ընկերությունը սնակն է, ինքն էլ այստեղ բնակարան չունի: Նա նշեց, որ իրենք չեն հրաժարվում վճարել մնացած փոքր գումարները` բայց որևէ պատկան անձի կողմից պարզաբանում չեն ստացել, թեև ունեն նոտարով կնքված վաճառքի օրինական պայմանագրեր, ու տարիներ շարունակ կանոնավոր վճարել են բնակարանի արժեքը:
Նախորդող հրապարակում` «Տոնուսի» դեմ բողոքող բնակիչները նորից Ֆինանսների նախարարության դիմաց էին