20/06/2013 14:32
Զոհրաբյան. ԱԺ-ն պետք է իմանա՝ ինչի համար է բաժնեմասը վաճառվում «Գազպրոմին»
Մինչ կավարտվեր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը և մինչև պատգամավորները կքվեարկեին քննարկված օրինագծերին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով ձայնի իրավունք խնդրեց և անդրադարձավ «ՀայՌուսգազարտի»՝ կառավարութանը պատկանող քսան տոկոս բաժնեմասին, որը ներկայում բանակցությունների սեղանին է:
Խորհրդարանը, Ն. Զոհրաբյանի խոսքով, առնվազն պետք է իմանա, թե ինչի համար է կառավարության քսան տոկոս բաժնեմասը վաճառում «Գազպրոմին» և բանակցում այդ թեմայով:
ԲՀԿ պատգամավորը խորհրդարանին առաջարկեց մինչև բանակցությունների ավարտը քննարկում կազմակերպել. «Որպեսզի «պոստ ֆակտում» չկանգնենք փաստի առաջ, որ չհիշեն երբ և ինչ փաստաթուղթ է ստորագրվել և ինչի դիմաց»:
Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խորհրդարանը ժամանակին կտեղեկանա այդ մասին:
Նշենք, որ քիչ առաջ ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտվեց, ինչի համար ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին, ինչպես ինքն ասաց, արդյունավետ աշխատանքի համար: