20/06/2013 11:22
Երեք քաղաքական հայտարարություն` Տիգրան Սարգսյանի կողմից
Այսօր կառավարության նիստը սկսվեց կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի երեք քաղաքական հայտարարությամբ:
Նախ վարչապետը շեշտեց, որ Վերահսկիչ պալատի հայտարարած բացահայտումների գծով գործերը անհապաղ պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին և տրվեն պատասխաններ. «Ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան»:
Վարչապետ շեշտեց՝ կիսում է ԱԺ նախագահի տեսակետը, որ բյուջեի միջոցները մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ:
Երկրորդ քաղաքական հայտարարությունը վերաբերում էր ՎՊ-ին, որը, ըստ գործադիրի ղեկավարի, խիստ մասնագիտացված կառույց է. «Վերհսկիչ պալատը իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարությամբ, այն պարտավոր է ներկայացնել մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականները պետք է տան ԱԺ-ն և գործադիրը»:
Տ. Սարգսյանը նաև շեշտեց՝ այն տեսակետը, որ բյուջեի յոթանասուն տոկոսը խիստ ռիսկային և կոռումպացված ձևով է ծախսվում և համատարած է բոլոր ոլորտներում` չի կարող համապատասխանել իրականությանը:
Եվ երրորդ քաղաքական հայտարարությամբ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց կառավարության նիստին ներկա բոլոր պաշտոնյաներին իրենց հասցեին հնչած մեղադրանքերին պատասխանել` կամ հերքել, կամ պատրաստել նյութեր և ներկայացնել դատախազություն, կամ հրապարակել, որ ներկայացված մեղադրանքերը ճիշտ են և կրեն պատասխանատվություն: