21/06/2013 12:18
ՏՏ ոլորտը տարեկան 15-20 տոկոս աճ է արձանագրում
Այսօր Երևանում մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագրով 6-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Ֆորումի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին մեծ աշխատանք է իրականացվել մասնավոր հատվածի հետ և արդյունքները ակնառու են: Այսօր ՏՏ ոլորտը առաջընթաց է արձանագրում, ոլորտում ավելանում է արտադրանքի ծավալը` շնորհիվ երիտասարդ կադրերի աշխատանքի:
Վարչապետը նաև փոխանցեց, որ այսօր ոլորտի համաշխարհային բրենդերը նախապատվությունը տալիս են հենց ՀՀ-ին և մեր երկրում բացվում են այդ ընկերությունների կենտրոնները:
Տ. Սարգսյանը խոսեց ԱՄՆ Սիլիկոնյան հովտում ՏՏ ոլորտի ներկայացվածությունից, որտեղ անցկացնելով միջոցառումներ, հնարավոր է դառնում կապեր հաստատել աշխարհի առաջատար ընկերությունների հետ, ուսումնասիրել նրանց փորձը, որը օգնում է խթանել կապերը և համագործակցությունը:
Ոլորտը տարեկան 15-20 տոկոս աճ է արձանագրում և հարց է դրվում ոլորտին համապատասխան կադրերով ապահովել՝ տարեկան շուրջ հազար մասնագետ:
Ինչ վերաբերում է էլեկտրոնային կառավարմանը, ապա, վարչապետի խոսքով, դա լուրջ խթան է ՏՏ ոլորտի զարգացման համար և էապես մեծացնում է ոլորտի արտադրողականությունը և եթե ցանկանում ենք լինել մրցունակ երկիր, ունենալ մրցունակ մասնավոր հատված, ապա լայնածավալ ՏՏ օտագործումը կօգնի դրան:
Տիգրան Սարգսյանը թվարկեց մի քանի ոլորտներ, որտեղ կիրառվում է էլեկտրոնային կառավարման համակարգ` պետական ռեգիստրի ոլորտ, որտեղ ՏՏ ներդրումներն օգնել են կրճատել կոռուպցիոն ռիսկերը, 15 րոպեում գրանցել ձեռնարկություններ, որն էլ նպաստում է ՀՀ-ի Դուինգ բիզնեսի ցուցանիշի բարելավմանը:
Հաջորդ ոլորտը Պետական կադաստրի աշխատանքներին է վերաբերում, որտեղ ՏՏ ներդրումները օգնել են կառույցին աշխատելու մեկ պատուհանի սկզբունքով, քարտեզագրման ոլորտում արձանագրվել է արմատական փոփոխություն և այլն:
Հաջորդ ոլորտը հարկային և մաքսային վարչարարության ոլորտն է, որտեղ սկսվել է լայնածավալ ՏՏ կիրառումը` հաշվետվություններ, հարկային վճարումներ. Համակարագը դարձել է թափանցիկ: Արդեն ներկրված նոր բազմաֆունկցիոնալ հաշվիչ-դրամարկղային մեքենաները էապես կբարելավել շուրջ վաթսուն հազար ձեռնարկության վարչարարությունը հարկային և մաքսային ոլորտում:
Նշենք, որ ԴիջիԹեք բիզնես ֆորումին այս տարի մասնակցում են ընկերություններ Սինգապուրից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Բուլղարիայից, Նիդերլանդներից: