24/06/2013 13:40
Ս. Հարությունյան. Սեդրակյանից ընդամենը ստացել եմ 3000 դոլարի չափով գումար
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը:
Դատախազ Արամ Ամիրզադյանը հրապարակեց Սամվել Հարությունյանի նախաքննական ցուցմուքնները:
Ըստ այդ ցուցմունքների՝ Վարդան Սեդրակյանը իրեն ասել է, որ պետք է վախեցնել մեկին, հետո գնացել են իր մոտ, Պ. Հայրիկյանի լուսանկարն է ցույց տվել և ասել, որ պետք է նրան կրակոցով վախեցնել: «Վ. Սեդրակյանը հարցրեց, մարդ կա՞, որ կարող է նման բան անել, ես ասել եմ, որ կա: Ասել եմ, որ գումար է պետք, սակայն ինչքան, չի ասել: Մենք Պ. Հայրիկյանին երեք-չորս օր հետևել ենք»,-ասել է նա:
Անդրադառնալով կրակելու օրվան, նա պատմել է, որ Խ. Պողոսյանը գնացել է, ինքը մնացել է ավտոմեքնայի մեջ, մոտ 10 րոպեից Խ. Պողոսյանը զանգել է, ասել, որ Քանաքեռ է գնում, և իրեն ասել է, որ զենքը շպրտել է ժամացույցի գործարանի մոտ աղբամանի մեջ: «Այդ օրը տանն են մնացել, ոչ մի տեղ չեն գնացել: Խաչիկը ոնց որ վատացած լիներ, Պ. Հայրիկյանը իրեն մոտենալուց ինչ-որ շարժումներ է արել, պատահական է կրակել, որովհետև նման միտք չի ունեցել, նա խուճապի է մատնվել, միամտաբար կրակել է, որովհետև հարևաններ են դուրս եկել, և արանքով դուրս է եկել և նստել տաքսի ու գնացել»,-ասաց նա:
Ս. Հարությունյանը ասել է , որ Խ. Պողոսյանը երկու անգամ է կրակել, «ահավոր վախեցած է եղել»:
Ըստ այդ ցուցմունքի՝ նա չի հարցրել Վ. Սեդրակյանին, նա ինչո՞ւ է նման բան առաջարկել, ասաց, որ ոչ, գումարի մասին չեն խոսել, ընթացքում մոտ 3000 դոլարի չափով գումար է տվել իրեն: Նա ասել է, որ վախեցնելուց հետո չի խոսել Վ. Սեդրակյանի հետ:
Նա ասել է, որ դեպքից մի երկու օր անց հանդիպել է Վ. Սեդրակյանին, ասել է, որ այդպես չպետք է լիներ, այդպես է ստացվել:
Ս. Հարությունյանը նշել է, որ զենք ձեռք բերելու պատրվակով հազար դոլար են վերցրել, բայց զենք ունեցել են: Դեկտեմբերին նա Վ. Սեդրակյանից իր եղբոր բուժման համար 3000 դոլարի չափով գումար է պարտք վերցրել, դա եղել է Պ. Հայրիկյանին վախեցնելու պատվեր ստանալուց առաջ:
Ս. Հարությունյանի ցուցմուքնով՝ տարածել է Վ. Սեդրակյանի նախընտրական բրոշյուները և տեսասկավառակները, որի համար Վ. Սեդրակյանն իրենց չի վարձատրել, այլ միայն ճանապարհածախսի գումար է տվել:
Ս. Հարությունյանի նախաքննական ցուցմունքով՝ կրակելուց հետո Խ. Պողոսյանը իրեն ասել է, որ շատ վատ բան է եղել, կրակել է Պ. Հայրիկյանի վրա, դրանից հետո գնացել է տուն: Խաչիկի կրակոցները ինքը չի լսել: Դրանից հետո Խ. Պողոսյանի հետ որոշել են թաքնվել Խ. Պողոսյանի կնոջ մորաքրոջ տանը, որտեղ էլ նրանց բռնել են:
Վ. Սեդրակյանը բարակցել է իրենց վրա, ասելով, որ եթե ոչ մեկին չէին կարող գտնել, պետք է իրեն ասեին, որովհետև ինքը թույլ չէր տա, որ նրանք դա անեին: Ասել է, որ հաջորդ օրը գա, որ երկու հարյուր հազար դրամ տա իրեն, այդ օրը չի գնացել, իսկ մյուս օրը բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Տուժող Պ. Հայրիկյանը խնդրեց իրեն թույլատրել հարց ուղղել ամբաստանյալ Վարդան Սեդրակյանին:
«Հարգելի պարոն Սեդրակյան, դուք Սանկտ Պետերբուրգում եք եղե՞լ 2012 թվականին,-հարցրեց Հայրիկյանը, ինչին Սեդրակյանը պատասխանեց, որ Սանկտ Պետերբուրգում չի եղել. «Ես ծնվել եմ Երևանում, 46 տարի ապրել Երևանում: Դա շատ հեշտ կարելի է ստուգել»,-ասաց նա:
Նա նշեց, որ մի քանի տարի առաջ գուցե մեկնել է Ռուսաստան, բայց ՌԴ-ն մեծ հասկացություն է, բայց չի ապրել և աշխատել:
Նախորդող հրապարակումներ՝ Հայրիկյանի հագուստը գնդակի մուտքային անցքեր չունի
Վ. Սեդրակյան. Հայրիկյանի հետ անձնական թշնամանք չունեի
Վարդան Սեդրակյանը ցուցմունք տվեց. Նա խնդրում է փոխել խափանման միջոցը
Խ. Պողոսյան. Մինչև ցուցմունքը չստորագրվեց, ինձ այլ խուց չտեղափոխեցին