24/06/2013 17:08
Պ. Հայրիկյան. Ամբաստանյալները ընդամենը պրիմիտիվ կատարողներ են
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ ամբաստանյալները ընդամենը կատարողներ են և նրանք իրեն չեն հետաքրքրում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պ. Հայրիկյանը: Լրագրողի հարցին՝ համամի՞տ է, որ իր հետ կապված միջադեպը մահափորձ չէ, այլ փորձել են նրան ահաբեկել, ասաց, որ իրեն այդ բառը դուր չի գալիս, քանի որ այն կապված է ահաբեկիչ բառի հետ, ինչի դեմ պայքարում է ողջ աշխարհը:
Տրամաբանական կապ տեսնո՞ւմ եք այս գործում՝ հարցին ի պատասխան նա ասաց, որ իր ահաբեկման դեպքում կհետձգվեին ընտրությունները և նոր ընտրություններ կլինեին:
Նա ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանին ընդամենը մեկ-երկու տարվա ծանոթը հարյուր հազար դոլար է փոխանցել: «Դժվար թե գտնենք աշխարհում մարդու, ով այդքան գումար հենց այնպես կտա, և եթե քննությունը անտարբեր է դրա նկատմամբ, ինձ համար անհասականալի է»,-ասաց նա:
Պ. Հայրիկյանը նշեց, որ թեև ժամանակը չէ, սակայն կասի, որ ռուսական իմպերիալիզմն է եղել բոլորի թշնամին և եթե չլիներ ռուս-թուրքական պայմանագիրը, մենք այլ Հայաստանում էինք ապրելու: «Այն կարճ ժամանակ անց փոխարինեց ռուսական դեմոկրատիան, սակայն հայ ժողովրդի հիմնական թշնամին ռուսական իմպելրիալիզմն է մնում: 1987 թ. եղել է դատավճիռ Օլեգ Կուզնեցովի ստորագրությամբ, որում ասվում է, որ դա նախազգուշացում է՝ ուղարկված բոլոր հայերին, Պ. Հայրիկյանը կարող է դառնալ ձեր նախագահը: Հայ գործարարներ, բոլորդ, ովքեր ապրում են Ռուսաստանում, մտածեք, ինչ կարող է ձեզ լինել դրանից հետո: Հայրիկյանը այդ գործում ներկայացվում է որպես ահաբեկչության ղեկավար, անգամ իսլամական ահաբեկչությունն են իմ հետ կապում, որ դրա հետ ես ընդհանրապես կապ չունեմ»,-ասաց նա:
Հարցին՝ ամբաստանյալների խոսքը համոզիչ է ձեզ թվում, նա ասաց. «Ո՞ր ամբաստանյալի խոսքն է համազիչ եղել ձեզ համար, նա իրավունք ունի իրեն պաշտպանել ինչպես ուզում է, նա մեղադրվում է ծանր հանցագործության մեջ և կարող է ամեն տեսակի սուտ ասել և ես չեմ հավատում իր ասածին: Նրանք ինձ չեն հետաքրքրում, որովհետև իրենք պրիմիտիվ կատարողներ են»,-ասաց նա:
Aysor.am-ի թղթակցի հարցին՝ այսինքն կարծում եք, որ Վ. Սեդրակյանը այս գործի հետ կապ չունի՞, Պ. Հայրիկյանը ասաց.
«Ես չասացի, որ կապ չունի, բայց եթե ունի, նա ավելի վատը չէ նրանցից, ովքեր ասում են, որ իմ վրա չեն կրակել: Գտեք նրանց, ովքեր կրակել են: Այն աստիճանի են բթացրել մարդկանց, որ չեն հասկանում, որ սա մահափորձ է ոչ միայն իմ նկատմամբ, և չեն ուզում, որ սա դառնա ազատ երկիր, ռուս-հայկական հարաբերությունները այլ մակարդակի բերվեն»,-ասաց նա, նշելով, որ տասնյակ էջերով ցուցմունք է տրված եղել, կան ապացույցներ, իսկ ռուս իմպերիալիզմը իրենից սարսափած է:
Aysor.am-ի թղթակցի հարցին՝ դա որևէ կերպ դրսևորվել է, որևէ սպանռնալիք ստացել է այս ըթնացքում, նա ասաց. «Ես երբ խոսում եմ երևույթի մասին, նկատի չունեմ մասնավոր մեկ-երկու ժամանակահատված: Փութինը (հեղ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) ասել է, որ մեղմ միջոցներով մեր հակառակորդին կարգի կբերենք, դա էլ այն էր, որ Պ. Հայրիկյանը չառաջադրվեր նախագահական ընտրություններում: Մեր ազգի վերջն է, որ ընդդիմության առաջնորդը վազում է Փութինից արդարություն բերելու»,-ասաց նա: