27/06/2013 10:42
«Մարո Գուլոյանի գործը պետք է բերվի Երևան, հակառակ դեպքում` ամենը իզուր է»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Աբովյան) հունիսի 27-ին` ժամը 10:30, տեղի կունենա Մարո Գուլոյանի` կասկածելի ինքնասպանության գործով դատական նիստ: Դատարանը պետք է քննարկի քրեական գործով վարույթը կարճելու որոշման դեմ բերված բողոքը:
ՀՀ Գլխավոր դատախազությունից տուժող կողմին տեղեկացրել են, որ Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցչի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից հունիսի 17-ին ներկայացված բողոքն ուսումնասիրվել է, և Գլխավոր դատախազի որոշմամբ կարճման որոշումը վերացվել է: Այսպիսով, Մարո Գուլոյանի քրեական գործի վարույթը վերաբացվելու է:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մ. Գուլոյանի իրավահաջորդի պաշտպան Լուսինե Մինասյանը նշեց, որ իրենց համար շատ հուսադրող է այն, որ դատախազությունը սեղմ ժամկետում արձագանքեց իրենց բողոքին և նկատեց քրեական գործում առկա բազմաթիվ խախտումները:
«Շատ ուրախ ենք, որ դատախազություն որոշել է վերսկել այս գործը, որովհետև այն կատարվել է բազմաթիվ խախտումներով, մենք պայքարում ենք, որ գործը վերաբացվի և այն տեղափոխվի Երևան, որովհետև հակառակ դեպքում մեր 1 տարվա կրած չարչարանքը իզուր կլինի, կստացվի, որ մենք կորցրել ենք այդ մի տարին»,- ասաց նա:
Լ. Մինասյանի խոսքով` նախաքննությունը տարվել է բազմաթիվ խախտումներով:
«Բազմիցս նշել եմ, որ վկաները տարբեր ցուցմունք են տալիս, բայց առերեսում չի կատարվել, ամեն վկան իր տեսակետն է ներկայացնում, դիակի լուսանկարներ չեն կցել գործին, ալկոհոլի առկայության հարցը չեն պարզել, թե ո՞նց է արյան մեջ հայտնվել, և հնարավոր չէ, որ այդ ամենը թյուրիմացության արդյունք լինի և նախաքննական մարմինը դա նկատած չլինի:
Կա'մ օրենքները չգիտեն, կա'մ էլ օրենքին շատ լավ ծանոթ են, սակայն չեն կիրառում ինչ-որ պատճառներով` քաղաքական, թե բարեկամական-ազգակցական կապի: Ես շատ ուրախ եմ, որ դատախազություն հասկացավ, որ դա ուղղակի վիրավորված ծնողների արձագանքը չի: Սա ընդամենը առաջին փուլն է, դեռ շատ անելիք կա: Ակնկալում ենք, որ վկաներին նորից հարցաքննեն, առերեսում անեն, նորից քննչական գործողություններ կատարվեն, նաև դատաբժշկական փորձաքննության հետ կապված»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում 2 երեխաների մայր Մարո Գուլոյանը, ըստ պաշտոնական վարկածի ինքնասպան էր եղել իր լոգարանում: Այդ դեպքի առիթով հարուցված էր քրեական գործ կարճվել էր, քանի որ ապացուցված էր համարել, որ Մ. Գուլոյանի ամուսինը որևէ կերպ չի նպաստել Մ. Գուլոյանի մահվանը:
Նախորդող հրապարակում` Մարո Գուլոյանի ինքնասպանության գործով դատական նիստը` հունիսի 27-ին