27/06/2013 12:10
Վարչապետը՝ օֆշորային սկանդալի մասին. Ինչ հեքիաթներ ասես, որ չեն հորինում
Այսօր մինչև կառավարության օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ երեք հարցի: Նախ խոսեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շուրջ կրկին բարձրացած աղմուկից, այն է` փոշիացվել է 14 մլն դոլար` դրանք ծախսելով դասախոսությունների վրա:
Վարչապետն ասաց, որ ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվելու է ԶԼՄ-ներին` քաղաքական սպեկուլյացիներից զերծ մնալու համար, որոնցից օգտվում են ոչ բարեխիղճ լրագրողները:
Նա հիշեցրեց, որ ֆինանսական միջոցների վերաբերյալ պայմանագրերը կքնված են եղել 2007 թ-ին, մրցույթն անց է կացրել ամերիկյան կողմը, իրենք են հաղթողին ճանաչել, կնքել պայմանագրերը, արդյունքներն էլ գնահատել են «խիստ արդյունավետ». «Թե ինչ ենթատեքստ են որոնում` հասկանալի չէ»:
Վարչապետը անդրադարձավ նաև «Նաիրիտ» գործարանի շուրջ պտտվող լուրերին, որ «արդեն երկար ժամանակ մեծ ռեսուրսներ են ծախսում լրատվամիջոցները` անհասկանալի սցենարներ են նկարագրվում և կապում այդ ամենը վարչապետի անվան հետ»: «Բոլոր ծրագրերը, որոնք «Նաիրիտի» հետ առնչվում են, ունեն հիմք` դրանք կառավարության որոշումներն են»,- ասաց վարչապետը:
Նաև փոխանցեց, որ կառավարությունը 2006 թ. Ռայնովիլ ընկերության հետ պայմանագիր է ստորագրել, իսկ դրանից հետո եղած բոլոր գործարքների վերաբերյալ «ես հանձնարարել եմ այսօր ամբողջական փաթեթը տրամադրել ԶԼՄ-ներին, որպեսզի այստեղ քաղաքական սպեկուլյացիաներ չլինեն»:
Վարչապետը խոսեց նաև օֆշորային գոտիներից, նշելով, որ ինչ հեքիաթներ ասես, որ չեն հրինում` փորձելով վարկաբեկել. Այս անգամ ևս վարչապետը խոստացավ` ամբողջական տեղեկատվությունը տրամադվելու է ԶԼՄ-ներին: Քրեական գործ է հարուցվել, իրավապահները զբաղվում են. «Որևէ հարց անպատասխան չի մնալու և եթե հետաքննող լրագրողները լինեն բարեխիղճ, օբյեկտիվ, կարող են թացը չորից զանազանել»:
Վարչապետը խոսեց նաև Վերահսկիչ պալատի բացահայտումներից, և նշեց, որ կկազմվի ժամանակացույց, ըստ որի, նախարարները կներկայացնեն կառույցիներ հաշվետվությունները` հանդիպելով ԶԼՄ-ներին, որոնք կարող են իրենց հետաքրքրող հարցերն ուղղել անմիջապես նրանց. «Անպատասխան որևէ հարց չպետք է մնա»: