01/07/2013 15:35
Հովիկ Աբրահամյան. Չգիտեմ՝ ի՞նչ թևեր են փնտրում, ո՞ւմ թևերն են փնտրում
«Օգտվելով մեր իրավունքից` հաշվետվությունը ուղարկել ենք գլխավոր դատախազություն և դատախազությունը կտա իր գնահատականը, մենք էլ որոշում կկայացնենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով Վերահսկիչ պալատի զեկույցի և նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության մասին, հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Panorama.am-ի փոխանցմամբ` Հ.Աբրահամյանը հիշեցրեց, որ ՎՊ աղմկահարույց հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ-ում ներկայացրել է իր տպավորությունը, որը դեռ պետք է հիմնավորվի: Այդ իսկ պատճառով, շարունակեց ԱԺ խոսնակը, հաշվետվությունն ուղարկվել է գլխավոր դատախազություն, որտեղ այն կքննվի և կտրվի եզրակացություն՝ սա չարաշահում է, մսխում է թե ոչ. «Կրկնում եմ՝ իմ տպավորությունը արտահայտվում է իմ ելույթում, որում ներկայացված են նաև իմ կողմից արված առաջարկները, որպեսզի արդյունավետ աշխատենք: Իմ կարծիքով, այստեղ մեղավորներ և այլն պետք չէ փնտրել, հարկավոր է այնպես անել, որ պետբյուջեի գումարները ծախսվեն արդյունավետ, սա է մեր խնդիրը»:
Դիտարկմանը, որ հաշվետվության ներկայացմանը հետևած զարգացումներում ընդդիմությունը ներիշխանական խժդժություններ է տեսնում և դարձյալ ապացույց առ այն, որ ՀՀԿ-ում առկա են թևեր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի, իր՝ Հ.Աբրահամյանի և այլն, ԱԺ նախագահը հերթական անգամ հավաստիացրեց, որ նման թևեր գոյություն չունեն:
«Ես սա ասել եմ բազմաթիվ անգամներ՝ նման թևեր մեր կուսակցությունում, մեր թիմի մեջ գոյություն չունեն: Ուղղակի մարդիկ կան, որ փնտրում են թևեր. Չգիտեմ ի՞նչ թևեր են փնտրում, ո՞ւմ թևերն են փնտրում կամ ո՞ւմ ականջներն են փնտրում, չկան նման բաներ: Մենք մի թիմ ենք և եթե հիշում եք ես ասել եմ, որ մենք բոլորս ենք պատասխանատու: Եվ մենք, որ ամենակարևորն է, չունենք նման պայմանավորվածություն մեր թիմում, որ պետք է պաշտոն զբաղեցնի ու զբաղվի այդ թալանով»,- նշեց Հ.Աբրահամյանը:
Հարցին, թե կիսում է այն կարծիքը, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխին սև ամպեր են կուտակվում, Հ. Աբրահամյանը նկատեց, որ իրավունք չունի կարծիքներով ուղղորդվել: