02/07/2013 16:27
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի է տվել Ազգային ժողովին
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն 2013 թ.-ի ապրիլի 8-ին դատի էր տվել ՀՀ Ազգային ժողովին՝ տեղեկատվության տրամադրումը մերժելու համար։ ԱԺ-ն հրաժարվել էր տրամադրել ԱԺ նախագահի 2012 թ.-ի առաջին կիսամյակի որոշ կարգադրությունների պատճեններ` պատճառաբանելով, թե դրանք պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:
ՀԿ տարածած հաղորդագրության համաձայն` դեռևս 2012 թ.-ի նոյեմբերի 22-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին և խնդրել էր տրամադրել ԱԺ նախագահի 2012 թ.-ի առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները: Երեք ամիս ուշացումով Ազգային ժողովը ԻԱԿ-ին էր ուղարկել թերի պատասխան. բացակայում էին 12 կարգադրությունների պատճենները: 2013 թ.-ի մարտի 7-ին ԻԱԿ-ը կրկին հարցմամբ դիմեց ԱԺ-ին` խնդրելով տրամադրել չտրամադրված կարգադրությունների պատճենները, սակայն ԱԺ-ն հրաժարվեց տրամադրել դրանք` պատճառաբանելով, թե այդ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:
Դիմելով դատարան՝ ԻԱԿ-ը խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը և ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները (ավելի մանրամասն այստեղ):
Դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանում (319 դահլիճում):