02/07/2013 15:20
Փայլակ Հայրապետյան. Վարչապետը կլինի, թե Կճոյանը, ինձ գցել են
Գործարար Փայլակ Հայրապետյանի խոսքով` ՀՀ վարչապետը կլինի, Աշոտ Սուքիասյանը, թե Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, իրեն գցել են: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փ. Հայրապետյանը:
Նրա խոսքով` Ա. Սուքիասյանի, Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ մոտ ընկերներ լինելու մասին լուրը սուտ է:
«Ես վարչապետի հետ մոտիկ չեմ եղել, իրեն և Կճոյանին տեսել եմ Աշոտ Սուքիասյանի բնակարանում, այն բանից հետ, երբ համաձայնեցի դառնալ նար գործընկերը: Ես Աշոտի հետ ծանոթացել եմ գործարարների հանդիպմանը, ես այդ օրն եմ ճանաչել ու տեսել իրեն, դրանից առաջ իրեն բոլորովին ծանոթ չեմ եղել»,- պատմեց նա:
Հարցին` իսկ ճի՞շտ են լուրերը, որ ինքը եղել է ԲՀԿ անդամ, Փ. Հայրապետյանը նշեց.
«Նման բան չկա, ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, եթե այդպես է, ստուգեք, տեսեք: Ես Սովետական Հայաստան կուսակցակության անդամ եմ եղել, դրանից հետո երկիրը որ փոխվեց, ստեղծել ենք Հայաստանի հիմնադրամը, ես գնացել եմ հնարապետությունից դուրս, եղել եմ Ֆրանսիայում, Արգենտինայում, քարոզել եմ, որ մեր ժողովրդին միասնություն է պետք, որ կարողանանք միանանք ու պատերազմը հաղթենք»,- ասաց նա:
Հարցին` հավատում է, որ այդ գործարքների հետ կապ չունեն ՀՀ վարչապետն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Փ. Հայրապետյանը նշեց. «Էսօրվա վիճակում, եթե գումարները նպատակային ծառայեին, ոչ ես այս վիճակում կլինեի, ոչ էլ հազարավոր մարդիկ հայրենիքից կարտագաղթեին: Հայաստանի ներդրողին գցել են, մեզ գցել են, ինձ գցել են, դա կլինի Աշոտը, վարչապետը, թե տերտերը, ոչ մի նշանակություն չունի, մեզ գցել են»,- ասաց նա:
Հարցին` իսկ «Ամերիաբանկի» սեփականատեր Ռուբեն Վարդանյանը ի՞նչ կապ ունի այս պատմության հետ, Փ. Հայրապետյանը նշեց, որ իր կարծիքով` նա անգամ տեղյակ չէ այս պատմությանը. «Նա բոլորովին տեղյակ էլ չի, նա այնքան մեծ օբյեկտներ ունի, որ կարող է չիմանալ, կարող է և տեղյակ է, չգիտեմ, բայց հայրենասեր մարդ է, մեծ ներդրումներ է կատարում հայրենիքում: Կարող է իր աշխատակիցները սխալ են վարվել, կամ դիտավորություն են արել, սակայն չեմ կարող ասել, որ ինքը անձամբ արել է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ասում են, որ միամտության պատճառով է միայն Հայրապետյանը գրավադրել իր ունեցվածքը, նա ասաց. «Միայն հայրենասիրության շնորհիվ է եղել դա, ես միամիտ մարդ չեմ, հայրենասեր եմ: Բոլորը պետք է իմանան դա, ես հայրենիքի համար ամեն ինչ արել եմ, այդ թվում՝ Ղարաբաղյան պատերզամի ժամանակ այնքա~ն գործեր եմ արել»,- ասաց նա:
Անդրադառնալով իրավապահ համակարգին գործունեությանը, Հայրապետյանը նշեց, որ չի կարող միանշանակ ասել, հավատում է դրան, թե ոչ: