03/07/2013 16:12
Հ. Մուրադյանի սպանության մեջ մեղադրվողի կալանքը նորից կարող է երկարացվել
Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կասկածյալ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվում, ինչը Ա. Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանի խոսքով` կարող է վկայել այն մասին, որ իրենք ապացույցներ չունեն նրա նկատմամբ:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Հովհաննիսյանը: Նա չբացառեց, որ կալանքի ժամկետը կարող է նորից երկարացվել, առերեսում չի կատարվել, թեև մինչև կալանավորման ժամկետի ավարտը` օգոստոս ամիսը, դեռ ժամանակ կա:
Անդրադառնալով Ա. Պետրոսյանի եղբորը` Արտակ Պետրոսյանին, նա նշեց, որ նրա նկատմամբ ևս քննչական գործողություններ չեն իրականացվում:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով՝ ապրիլի 5-ին 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Արտակ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին կետի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով) հատկանիշներով:
Նախորդող հրապարակում` Պռոշյանի գյուղապետի մահվան կապակցությամբ հարցաքննվել են բազմաթիվ վկաներ
Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ կասկածվողի հոր մեքենան վերադարձրել են
Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Ա. Պետրոսյանի կալանքը երկարացվել է