15/07/2013 13:05
Մոսկվայում 18 մարդու կյանք խլած հայազգի վարորդին չի հաջողվել հարցաքննել
46-ամյա Հրաչյա Հարությունյանը չի կարողացել պատասխանել ոստիկանների որևէ հարցի: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
«Նոր Մոսկվայում» 18 մարդու կյանք խլած խոշոր վթարի գործով ենթադրյալ մեղավոր Հ. Հարությունյանի վիճակն այնքան ծանր է եղել, որ նա չի կարողացել անգամ իր անունն արտասանել:
«Նրա ստացած վնասվածքները այնքան էլ ծանր չեն: Հնարավոր է՝ նա չի խոսում, որ հետաձգի հարցաքննությունը»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը:
Հ. Հարությունյանն այժմ գտնվում է դեղորայքային քնի մեջ, որպեսզի խուսափի վնասվածքային շոկից:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մոսկվայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Բեռնատար մեքենան բախվել է մարդատար ավտոբուսին, որի մեջ վթարի պահին եղել է 41 մարդ: Ըստ rian.ru-ի՝ վթարի հետևանքով տեղում մահացել է 16 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, ևս երկու մարդ մահացել է հիվանդանոցում: Երկուշաբթի Մոսկվայում սգո օր է:
Ընդհանուր առմամբ՝ ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 61 մարդ:
Ըստ աղբյուրի՝ բեռնատարի վարորդը 46-ամյա ՀՀ քաղաքացի է, ով այս տարվա ընթացքում վեց անգամ ենթարկվել է վարչական տուգանքների՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:
Նշվում է, որ վարորդը ողջ է, տեղափոխվել է հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ:
Նախորդող հրապարակում` Մոսկվայում ՀՀ քաղաքացու բեռնատարը հարվածել է ավտոբուսի. 18 զոհ կա