16/07/2013 11:22
Հայ վարորդին դատարան են տարել չսափրված և կանացի խալաթով (Տեսանյութ)
Այսօր երկու ամիս ժամկետով կալանավորել են հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի ենթադրյալ մեղավորն է:
Ինչպես երևում է տեսանյութում, Հ. Հարությունյանը տեսախցիկներից փակում է դեմքը: աչքերը կարմիր են և ուռած. ակնհայտ է, որ տղամարդը լաց է եղել: Փաստաբանի միջոցով հայազգի վարորդը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: Ավելին ասել հրաժարվել է, միայն պնդել, որ մեղավոր չէ: Այդ օրը փոխարինել է ընկերոջը, վարել նրա անսարք մեքենան:
Նշենք, որ երեկ Հարությունյանը գտնվել է Բոտկինսկի հիվանդանոցում, դեղորայքային քնի մեջ, սակայն քննիչների պահանջով, բժիշկները դուրս են բերել նրան այդ վիճակից:
Վարորդին դատարան են տարել չսափրված և կանացի խալաթով: Բոլոր հարցերին նա պատասխանել է գլուխը տարուբերելով` փորձելով զսպել արցունքները:
Նշենք նաև, որ այսօր նրա նկատմամբ մեղադրանք են ներկայացրել՝ «Երկուսից ավելի մարդկանց մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու» համար: Ավտովթարի հետևանքով զոհվել է 18 մարդ:
Հիշեցնենք, որ մոսկովյան ողբերգությանը Aysor.am-ն արդեն անդրադարձել էր: 46-ամյա տղամարդը Մոսկվա էր գնացել աշխատելու՝ բանակում զոհված որդու տապանաքարի համար գումար վաստակելու: Հրաչյան նախկին ազատամարտիկ է, զոհված զինվորի հայր: Տանը նրան սպասում են անչափահաս որդին ու հաշմանդամ հայրը:
Նախորդող հրապարակում՝ Մոսկվայի վթարի մեղավորը նախկին ազատամարտիկ է, որդին՝ զոհված (Տեսանյութ)