16/07/2013 15:13
Հայ վարորդի դուստրը. Քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հ.Հարությունյանի անցյալը
«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը»,- իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Պոդոլսկում տեղի ունեցած և 18 մարդու մահվան պատճառ դարձած խոշոր վթարի ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանի աղջիկը` Լիլիթ Հարությունյանը:
«Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին, թող Աստված նրանց ուժ ու կորով տա` դիմանալու ու համբերելու: Ուզում եմ խնդրել, ինչու չէ, նաև պահանջել բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, օգնել, աջակցել: Խնդրում եմ, որ ծաղրելուց ու նմանատիպ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչ Հարությունյանի անցյալը, ով 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Թող տա Աստված` ոչ ոք նման դեպքի չհանդիպի…»,- գրել է Լիլիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան դատարանը որոշում էր կայացրել 2 ամիս ժամկետով «Կամազի» վարորդ Հրաչյա Հարությունյանին կալանավորել: Պատահարի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քանը 50-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: