17/07/2013 12:59
Հ. Հարությունյանի դուստր. Մենք չենք կարողանում կապվել հորս հետ
«Նոր Մոսկվայում» 18 մարդու կյանք խլած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի խոսքով` իրենք և Ռուսաստանում ապրող իրենց բարեկամները որևէ կերպ չեն կարողանում կապ հաստատել իր հոր հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ պահանջում է ՀՀ իշխանություններից քայլեր նախաձեռնել, որ պատիժ կրելու դեպքում նա պատիժը կրի Հայաստանում:
Լ. Հարությունյանի խոսքով` իր հայրը շուրջ 20 տարի նման ավտոմեքենաներ է վարում և երբևէ ավտովթարի չի ենթարկվել:
Նրա հավաստմամբ` Հ. Հարությունյանը երեք ամիս առաջ է մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն և այնտեղ այդ կազմակերպության կողմից աշխատանքի հրավեր ստացել: Լիլիթի խոսքով` հայրը երբեք չի դժգոհել իր աշխատանքից և թե ինչն է եղել վթարի պատճառը, իրեն հայտնի չէ:
Նա իր ցավակցությունը հայտնեց վթարի հետևանքով մահացածների հարազատներին, սակայն նշեց, որ իր հայրն էլ վատ վիճակում է գտնվում:
Ասուլիսի մյուս բանախոս` Հ. Հարությունյանի եղբորորդու` Արթուր Հարությունյանի խոսքով` իր հորեղբայրը հոգեկան շեղումներ է ստացել, եթե հագել է այդ խալաթը, իսկ տեսագրությունում երևում է, որ նա փորձել է խուսափել վթարից:
Նա նշեց, որ պետական մակարդակով որևէ մեկը կապ չի հաստատել Հարությունյանների ընտանիքի հետ` օգնելու առաջարկությամբ: Ա. Հարությունյանի խոսքով` ՌԴ-ում ավելի սարսափելի դեպքեր էլ են եղել, բայց որևէ անգամ չենք տեսել, որ մարդուն դատարան խալաթով տանեն:
Հ. Հարությունյանի դուստրը պատմեց նաև իր եղբոր մահվան մասին, նշելով, որ նա լրիվ առողջ է գնացել բանակ, և անգամ հանձնաժողովն է դա հաստատել, իսկ գլխի ուռուցքը կարող էր առաջանալ բանակում ծեծի հետևանքով, թեև ՊՆ-ն դա չի հաստատել: