23/07/2013 15:40
Բերման ենթարկվածներից 2-ը «տանը քնած էին, մյուսը՝ ակցիային չէր մասնակցում»
Ոստիկանության Կենտրոնական բաժնից ազատ են արձակվել այսօր բերման ենթարկված «Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստներից երեքը:
Ազատ արձակված Մաքսիմ Սարգսյանը և Սամվել Խաչատրյանը ոստիկանության Կենտրոնական բաժնի դիմաց լրագրողներին ասացին, որ բերման են ենթարկվել տանից, երբ քնած էին: Ոստիկանները պատճառաբանել են՝ ենթադրվում է, որ երիտասարդները մասնակցել են նախօրեին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած հրմշտոցին:
Ազատ արձակված երրորդ ակտիվիստը Վահե Մելքոնյանն է: Լրագրողների հետ զրույցում Վահեն ասաց, որ իրեն ևս բերման են ենթարկել հրմշտոցին մասնակցելու, ոստիկան ծեծելու կասկածանքով:
«Հետաքրքիր այն է, որ ես երեկվա ակցիային առհասարակ չեմ մասնակցել»,- ազատ արձակվելուց հետո լրագրողներին ասաց Վահե Մելքոնյանը:
Նշենք, որ նախնական տվյալներով բաժնում դեռ երեք ակտիվիստ կա:
Հիշեցնենք, որ ակտիվիստներն այսօր բերման էին ենթարկվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: