14/08/2013 16:26
Ղարաբաղն Ադրբեջանին համագործակցության կոչ է անում
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ ընդգծելով, որ խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի մասին է:
«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը», - մանրամասնել է Աղաբեկյանը:
Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար:
«Մենք Սարսանգի ջրերի օգտագործումը էլեկտրական հոսանք արտադրելու համար ժամանակացույցը ընտրում ենք այնպես, որ այն հարմարեցվի միայն մեր շահերին, իսկ երկխոսության դեպքում մենք այն կարող ենք ծառայեցնել երկուստեք շահերի: Զրբաժան ամենակարևոր կետը գտնվում է հենց Թարթառի շրջանում և երկխոսության դեպքում մենք այդ ջրբաժան կայանը կարող ենք ճիշտ օգտագործել և՛ ադրբեջանական կողմին մատակարարել ջուր, և՛ մեր գյուղատնտեսության համար հատկացված տարածքները դարձնել ջրովի», - ասել է ԼՂ փոխվարչապետը:
Արթուր Աղաբեկյանը իր այս ուշագրավ հայտարարությունը դիտարկում է նաև երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համատեքստում:
«Վերջը` հարևան երկիր է, այսօր թշնամի է, վաղը դառնալու է ոչ բարեկամ, և պետք է մենք կարողանանք ժամանակի ընթացքում ժողովուրդներին պատրաստել խաղաղության», - ասել է Ա. Աղաբեկյանը:
Նյութի մանրամասները` այստեղ:
Նախորդ հրապարակում` Փորձագետի բլոգ. Ինչո՞ւ է շահարկվում Սարսանգի ջրամբարի թեման