20/08/2013 15:34
«Բալես կարոտել ենք. Սպասում ենք քո վերադարձին». Մայրը նամակ է գրել Հակոբին
Երևանի ժամանակով 15:00-ին ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները պետք է հանդիպեին գերեվարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն:
Հակոբ Ինջիղուլյանի մայրն այս առավոտ Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջոցով նամակ է ուղարկել որդուն: Նամակի բովանդակության մասին հակիրճ պատմեց Հակոբի հորեղբոր որդին՝ Արման Ինջիղուլյանը. «Բալես կարոտել ենք քեզ: Սպասում ենք քո վերադարձին»:
Արման Ինջիղուլյան ասաց, որ Հակոբի մայրը այլ բան չի գրել: Նշել է հարազատների մի քանի անուններ, որպեսզի Հակոբը վստահ լինի, որ նամակը ծնողներից է:
Կարմիր խաչի երևանյան գրասենյակից խոստացել են հանդիպումից հետո տեղեկություն տալ գերեվարված զինվորի հարազատներին:
Հիշեցնենք, որ որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: