02/09/2013 12:11
Մահացել է «Արևներ» մանկապատանեկան խմբի հիմնադիր Արմեն Դիվանյանը
Սեպտեմբերի 1-ին 55 տարեկան հասակում հանկարծամահ է եղել «Արևներ» մանկապատանեկան խմբի հիմնադիր, կոմպոզիտոր, տեսաբան Արմեն Դիվանյանը:
Անսամբլի ադմինիստրատոր Ռուզաննա Խաչիկյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հոգեհանգիստը կլինի վաղը, սակայն դեռևս հայտնի չէ, թե որտեղ:
Երգչուհի Կարինե Առուստամյանը ֆեսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Հավատս չի գալիս, որ Դուք այլևս մեզ հետ չեք: Դուք դեռ այնքան բան ունեիք աշխարհին ասելու: Ո՞նց են անելու Ձեր փոքրիկ արևներն առանց Ձեզ: Հպարտ եմ, որ պատիվ ունեցա Ձեր կողքին աշխատելու: Չեմ կարող բացատրել, ինչ ցավ եմ ապրում: Հրաշալի ղեկավար, հրաշալի մանկավարժ և ամենակարևորը` հրաշալի մարդ: Ձեզ շատ ենք կարոտելու, Ձեր պակասը շատ ենք զգալու և միշտ հիշելու ենք»:
Ա. Դիվանյանը հեղինակ է գործիքային պիեսների, թավջութակի սոնատի, տարբեր ներկայացումների համար գրած երաժշտության, «Գուլիվերի ճանապարհորդությունը» ներկայացման համար գրած երաժշտության, ինչպես նաև կամերային և էստրադային երգերի: 1981թ. հիմնադրում է և ղեկավարում «Առվակ» վոկալ-գործիքային մանկական անսամբլը, որը շուտով դառնում է «Հայհամերգի» կոլլեկտիվը:
Aysor.am-ի ողջ անձնակազմը ցավակցում է կոմպոզիտորի ընտանիքին և ընկերներին` մաղթելով հոգու ամրություն: