03/09/2013 08:43
Մահացել է Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը
Նախօրեին կյանքից հեռացել է Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, նա 67 տարեկան էր: Անանյանը քաղցկեղ ուներ:
Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։
1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992 թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և մինչ օրս նախագահում է այն։
Դասախոսում էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն էր 2002 թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ 2008 թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը։
Aysor.am-ի անձնակազմը ցավակցում է մտավորականի ընտանիքին և հարազատներին: