04/09/2013 14:28
«Ամերիա». Որևէ մեկը չի պատրաստվում քանդել Գյուղբանկի շենքը
Գյուղբանկի շենքը որևէ մեկը չի պատրաստվում քանդել: «Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Կազախեթյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց, որ շենքի արտաքին տեսքի հետ կապված ոչ մի փոփոխություն չի լինելու: Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրված Գյուղբանկի շենքի քանդման մասին նախօրեին իր բլոգում գրել էր ճարտարապետ Արսեն Կարապետյանը (dabavog): Բլոգերը գրել էր, որ ոչ մի տեղ չի հրապարակվել «Ամերիայի»֊ նախագիծը և խոսակցություններ կան, որ շենքը պատրաստվում են քանդել:
Արտաշես Կազախեթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ ապամոնտաժվում են շենքին հարակից կցակառույցները, իսկ ինչ վերաբերում է շենքին, ապա բացի կոնստրուկտիվ աշխատանքներից, այլ աշխատանք նախատեսված չէ. «Շենքը 30-ականներին է կառուցվել ու այժմ ամրացման կարիք ունի: Նախագիծը քննարկվել և հաստատվել է: Ինչ վերաբերում է նախագծի հրապարակմանը, ապա այն գաղտնի չէ, երբ սկսենք բուն շինարարական աշխատանքները, կպաստառապատենք և կփակցնենք նախագիծը»,-ասաց նա:
Անդրադառնալով շենքի քանդման մասին լուրերին, Կազախեթյանը նշեց, որ դա հավանաբար կապված է հարակից շենքի բնակիչների բողոքների հետ:
«Հարակից շենքում 11 ընտանիք է ապրում: Նրանք ժամանակին չցանկացան վաճառել մեզ բնակարանները և այնպիսի գումար պահանջեցին, որը վճարելը տրամաբանական չէր, ուստի մենք չգնեցինք նրանց բնակարանները: Այս դեպքից հետո նրանք պարբերաբար բողոքում են, երևի այդ խոսակցություններն էլ են նրանց հետ կապված»,-ասաց Կազախեթյանը:
Արտաշես Կազախեթյանը հավաստիացրեց, որ նախագիծը թաքցնելու կարիք չկա և պատրաստակմություն հայտնեց այն հրապարակել:
Նշենք, որ Դեղատան փողոցում գտնվող Գյուղբանկի շենքը կառուցվել է 1927-1930 թթ.: Ճարտարապետը Նիկողայոս Բունիաթյանն է:
Լուսանկարները`www.armmonuments.am կայքի և dabavog.livejournal.com-ի: