07/09/2013 11:12
Լեռա Կուդրյավցևա. Հայաստան իջնելու պահին զգացի այստեղի ջերմ մթնոլորտը
Սեպտեմբերի 6-ին Moscafe սրճարանում տեղի ունեցավ «Երաժշտության շաբաթը Երևանում» փառատոնի ստեղծագործական կազմի և գործընկերների երեկույթ հանդիպումը:
Երեկույթին մասնակցում էին հայկական շոու բիզնեսի մի շարք վառ ներկայացուցիչներ, այդ թվում` Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Սոֆի Մխեյանը, Դորիանս խմբի անդամները, Արմինկան, Սոնան, Մաշա Մնջոյանը, Մարտ Բաբայանը, Նառան և այլ հայտնիներ:
Երեկույթի ընթացքում ոչ ֆորմալ մթնոլորտում փառատոնի կազմակերպիչ Էմիլ Կառատը ներկայացրեց փառատոնը, մասնակիցներին և խոստացավ մի շարք անակնկալներ և պրեմիերաներ համերգային օրերի ընթացքում:
Երեկույթին ներկա էր նաև հայտնի հաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևան, ով Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ անգամ է Հայաստանում:
«Առաջին անգամ այստեղ եղել եմ շատ վաղուց, աշխատանքի բերումով, արագ, հապճեպ ստացվեց ամեն ինչ, այս անգամ այստեղ լինելու եմ երկու օր: Ինձ խոստացել են ցույց տալ Հայաստանի տեսարժան վայրերը, սպասում եմ դրան»,- ասաց նա` նշելով, որ այդ հարցում որևէ վայրի նախապատվություն չի տալիս:
Լ. Կուդրյավցևայի խոսքով` Հայաստան իջնելու պահին արդեն օդանավակայանում զգացել է այստեղի ջերմ մթնոլորտը:
Հարցին` արդյոք ունի՞ հայ ընկերներ, նա պատասխանեց, որ մհայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերի հետ ջերմ հարաբերություների մեջ է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-29-ը Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում կկայանա «Երաժշտական շաբաթ Երևանում» խորագրով համերգաշարը: Շաբաթվա ընթացքում ամեն օր կկայանա երաժշտական որևէ ոճին նվիրված համերգ:
Այսպես, սեպտեմբերի 24-ին կլինի ազգային երաժշտությանը նվիրված համերգային ծրագիր, սեպտեմբերի 25-ին` ռոք, սեպտեմբերի 26-ին` դասական, սեպտեմբերի 27-ին` ջազ, սեպտեմբերի 28-ին` էստրադային երաժշտությանը նվիրված համերգ, իսկ սեպտեմբերի 29-ին` կկայանա գալա համերգը:
Յուրաքանչյուր համերգից առաջ կլինի Էմիլ Կառատի «Գրիմանոցում» թոք շոուն, որի ընթացքում Է. Կառատը 30 րոպե կզրուցի հանդիսատեսի հետ ամենատարբեր թեմաներով:
Նախորդող հրապարակում` Երևանում երաժշտական շաբաթ է լինելու. Լինելու են բազմաթիվ անակնկալներ