12/09/2013 13:12
Տիգրան Աթանեսյանը` ՓՊ նախագահի մասին. Ծերուկն անտանելի է դարձել
«Արա Զոհրաբյանի առաջարկը` բանավեճ անցկացնել հյուրանոցում, սակայն բանավեճը չպետք է վերաճի մի քանի հոգու մամուլի ասուլիսի, այն չպետք է կրի ՓիԱր բնույթ և պետք է ապահովել բոլոր փաստաբանների ներկայությունը: Հյուրանոցային բանավեճը իր մեջ կրում է շուկայի վերածվելու ռիսկեր և այդ դեպքում բոլոր փաստաբաններով խայտառակ կլինեինք: Ես նման պրովոկացիաների չեմ ենթարկվում: Դա այն ֆորմատը չէ, որտեղ հնարավոր է բանավիճել ծրագրերի և անելիքների մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը:
Նրա խոսքով` ինքը առաջարկել է հեռուստաբանավեճ անցկացնել, առաջարկ է եղել նաև ֆեյսբուքյան բանավեճ անցկացնել, որից Ա. Զոհրաբյանը հրաժարվել է, իսկ Կրոմվել Գրիգորյանից պատասխան չի ստացել:
Գնահատելով ՓՊ նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավը, Տ. Աթանեսյանը նշեց, որ այն ոչ ամբողջությամբ է հաջողվել:
«Առաջին անգամ նման հանրային նախընտրական քարոզարշավ ունենք, որը ոչ ամբողջությամբ է հաջողվել, քանի որ չի եղել նախընտրական բանավեճ: Ինձ սկզբում թվում էր, թե միայն ես էի անում նախընտրական քարոզարշավ, որովհետև այն, ինչ ես անում էի, հետո անում էին մյուսները` գնացի մարզ, իրենք էլ գնացին, տպեցի բուկլետ, իրենք էլ տպեցին, հետո հրաժարվեցի մարզային այցելությունից, քանի որ Սյունիքում մի փաստաբան խնդրեց, որ իր դեմքը ցույց չտանք, շատ տհաճ տպավորություն էր, քանի որ փաստաբանը իրավունք չունի վախենալու, եթե վախենում է, նա փաստաբան չէ: Սակայն կա մամուլ, կան արձագանքներ, եղել են մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, հանդիպումներ Երևանում: Դրական է, որ կա մրցակցություն և փաստաբանները իրական ընտրության հնարավորություն ունեն»,-ասաց նա:
Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը փաստացի տվյալներով արձագանքեց Տ. Աթանեսյանի` ՓՊ-ում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ խոսքերին և իրեն անվանեց Բրուտոս, Տ. Աթանեսյանը նշեց, որ «որևէ մեկին Բրուտոս անվանելու համար պետք է լինես Հուլիոս Կեսար»:
«Օստապ Բենդերի խոսքով պատասխանեմ` ծերուկը անտանելի է դարձել: Ոչ մեկ, այդ թվում փաստաբանները, մինչև վերջ խոսքդ չեն լսում, ես ասացի, որ ուրախ կլինեմ, որ պալատը հերքի դա, բայց զարմանալի է, եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ չունեն աուդիտ: Իրենց արձագանքները ինձ վիրավորելու նպատակ ունեին, բայց ես իրենց մակարդակին չեմ իջնի և համապատասխան կերպով կպատասխանեմ»,-ասաց նա:
Անդրադռանալով Դատաիրավական բարեփոխումների թեմային, նա նշեց, որ թեև շատ է խոսվում դրա վատ վիճակի մասին, սակայն լրիվ վատը չէ: «Հետաքրքիր դատական ակտեր էլ են լինում, թեև ոչ շատ: Եթե նոր դատավարության օրենսգիրք ենք ընտրում, դա նոր մարդկանցով պետք է համալրվի և բոլորիս համար պետք է պարզ դառնա, թե ինչպես են այդ մարդիկ հայտնվում համակարգում: Կարող ենք փոխել ձևը, օրենքները, վերահսկողության նոր մեխանիզմներ ընտրել, սակայն կարծրատիպերը կմնան նույնը և մի օրենքով չես կարող դա փոխել: Նախևառաջ անհրաժեշտ են լրջագույն կադրային լուծումներ` վերից վար»,-ասաց նա:
ՓՊ նախագահ ընտրվելու դեպքում Տ. Աթանեսյանը խոստացավ բոլոր փաստաբաններին մասնակից դարձնել պալատի կառավարմանը: «Այն կունենա ներքին կայք, և ակնկալում եմ հետաքրքիր գաղափարներ ստանալ, ինչպես նաև որոշ հարցերի վերաբերյալ կլինի օնլայն քվերակություն»,-ասաց նա:
Հարցին` հնարավո՞ր է դուրս գաք Փաստաբանների պալատից, եթե չընտրվեք ՓՊ նախագահ, նա նշեց, որ ինքը դա չի անելու, քանի որ վաստակել է իր կոչումը:
Նախորդող հրապարակում` Տիգրան Աթանեսյան. Տարեկան ավելի քան 300 հազար ԱՄՆ դոլար օդի մեջ է մնում