19/09/2013 17:02
Արգիշտի Կիվիրյան. Ուզում են պարզել, արդյոք ե՞ս եմ կծել ոստիկանին
Այսօր Հատուկ քննչական ծառայությունում նորից հարցաքննության են կանչել փաստաբան Արգիշտի Կիվիրյանին: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ա. Կիվիրյանը նշեց, որ այս անգամ ևս իրեն հրավիրել են վկայի կարգավիճակով, սակայն փաստացի գործը հարուցված է իր դեմ:
«Փաստացի ես մեղադրյալ եմ, սակայն մինչև օրս քրեական գործ չի հարուցվել ինձ բռնության ենթարկելու փաստի առթիվ: Մենք նորից ցանկանում էինք մի քանի փաստաբանների հետ մտնել հարցաքննության, սակայն որպեսզի դա չդիտվի որպես քննությունը ձգձգելու և խոչընդոտելու քայլ, ես հարցաքննության մտա փաստաբան Լուսինե Սահակյանի հետ: Հարցաքննությունը տևել է երեք ժամ»,- ասաց Ա. Կիվիրյանը:
Նրա խոսքով` այս ընթացքում կատարվել է երկու փորձաքննություն, մեկը դատաբժշկական, մյուսը` դատակենսաբանական:
«Դատաբժշկական փորձաքննության շրջանակներում վերցրել են ատամների հետ կապված փորձաքննություն, որ պարզեն` արդյո՞ք ես եմ կծել ոստիկանին, թե ոչ, այսինքն, այդ ենթադրյալ վնասվածքը համապատասխանում է իմ ատամների հետ, թե ոչ:
Արդյունքը դեռ չկա, ես ուզում եմ, որ այն լինի, որովհետև այն ճշմարտացի անցկացվելու դեպքում կպարզվի, որ կապ չունեմ այդ մեղադրանքների հետ, մյուս դատակենսաբանական փորձաքննությունն է, որ մեկ ամիս անց ոստիկանության այդ ավտոմեքենայում արյուն են հայտնաբերել, վերցրել են արյան նմուշներ, սակայն ինձ համար զարմանալի է, որ դա տեղի է ունեցել մեկ ամիս անց»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում` Արգիշտի Կիվիրյան. Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
Արգիշտի Կիվիրյանը ցուցմունքը ուղարկելու է գրավոր
Ա. Կիվիրյան. 5 րոպե հետո կարող ես դառնալ կասկածյալ, 10 րոպե հետո՝ մեղադրյալ