24/09/2013 11:43
Հետախույզ-դիպուկահար. Զինվորն ուժեղ է մարդկանցով, ովքեր իրեն հետ են սպասում
Aysor.am-ը սկսում է իր նոր նախագիծը: Այսուհետ «Մասնագիտությունը` Զինվոր» խորագրի ներքո ամեն շաբաթ Ձեզ կծանոթացնենք մեր բանակի տարբեր ստորաբաժանումներում ծառայող պրոֆեսիոնալ զինվորների հետ:
Այս մարդկանց համար Զինվոր լինելը պարտավորություն չէ: Սա նրանց հիմնական մասնագիտությունն է, որի հմտությունները նրանք ամեն օր փոխանցում են կրտսերներին:
Նրանք ինքնակամ են որոշել կրել կանաչավուն համազգեստն ու չքնել ողջ գիշեր` այն դեպքում, երբ մենք ամեն առավոտ բողոքում ենք վաղ արթնանալուց:
Մենք աշխատավայրի ճանապարհին թաքնվում ենք անձրևանոցների տակ ու հետո` տաք թեյ խմելով, բողոքում ենք վատ եղանակից: Մինչ այդ նրանցից շատերը` զենքը ուսին, կանգնած են նույն անձրևի տակ ու ապահովում են մեր հանգիստ առօրյան:
Մինչ մենք տանը վախենում ենք կայծակից ու անջատում ենք թանկարժեք համակարգիչները` անհանգտսանալով, որ դրանք չվնասվեն, նրանցից շատերը նույն կայծակի միջով անցնում են ինքնաթիռների ու ուղղաթիռներ ղեկը պինդ բռնած ու հավատով, որ անպայման ամեն բան լավ է լինելու:
Մենք առնվազն պարտավոր ենք ճանաչել նրանց ու որն ամենակարևորն է` պիտի միշտ պինդ պահենք Զինվորի թիկունքը:
«Մասնագիտությունը` Զինվոր»
Լուսինե (հերոսի անունը փոխված է), 25 տարեկան, հետախույզ-դիպուկահար
«Միշտ մտածել եմ, որ եթե, Աստված չանի, լինի պատերազմ` կգնամ առաջին գիծ. հաստատ»:
Առաջին նախադասությունն է, որ 25-ամյա դիպուկահար Լուսինեն ասում է ինձ հետ զրույցում ու ժպտալով ավելացնում.
«Դե հիմա էլ եմ առաջին գծում, ուղղակի հիմա այլ է, երևի հանգիստ է ավելի…»:
Լուսինեն փոքրամարմին է, տեսքից` 25 տարեկան էլ չես տա: Ծնողների ու եղբոր հետ է ապրում, ովքեր, իր խոսքով, դեռ փոքր տարիքից են համակերպվել իր «ոչ սովորական» լինելու հետ:
«Տնեցիներս վաղուց էին նկատել, որ ես մի տեղում նստող չեմ: Շատ ակտիվ էի: Եղբայրս ինձանից մի քիչ է փոքր, բայց համեստ է: Զբաղվում է համակարգիչներով ու երբ տանն եմ` մենք հիմնականում կռվում ենք (ժպտում է)»,- պատմում է Լուսինեն ու ընթացքում քանդում-ձգում է իր զինվորական կոշիկների կապերը:
«Դպրոցն ավարտելուց հետո որոշեցի ընդունվել ոստիկանական ակադեմիա: Լավ էի կրակում: Հետո` ծանոթներից մեկն ասաց, որ հատուկ նշանակության զորքերում աղջիկներ են ընդունում: Այդպես էլ եկա այստեղ, ուր հիմա իմ երկրորդ ընտանիքն է»,- ասում է Լուսինեն ու բացատրում.
«Լսած կլինեք երևի, որ աղջիկներն ավելի լավ են կրակում: Պատճառը հիմնականում շնչառությունն է, այնպես որ այս զինվորական մասնագիտությունով աղջիկներն ավելի արդյունավետ են աշխատում»:
«Պատերազմի ժամանակ թշնամու թիկունքում պետք է հայտնվենք բոլոր հնարավոր ձևերով` ցամաքով, օդով ու ջրով»
Լուսինեին հանդիպեցի, երբ նա մասնակցում էր ուսումնական պարաշյուտային թռիչքների, որպեսզի հայկական զորախմբի կազմում մեկնի «Փոխհամագործակցություն-2013» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությանը մասնակցելու: Հարցնում եմ` ինչո՞ւ են հատուկ նշանակության զորքերի զինվորները նաև պարաշյուտով թռչել սովորում.
«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք կողմնորոշվել բոլոր իրավիճակներում: Ասենք, եթե պատերազմ է, մեզ համար ճանապարհ բացող չի լինելու: Պետք է թշնամու թիկունք կարողանանք հասնել բոլոր հնարավոր ու անհնար ճանապարհներով` ցամաքով, օդով ու ջրով»,- պատասխանում է:
«Սահմանային ճշմարտություն կա` ուժեղ կլինի նա, ով երբեք չի թերագնահատի իր թշնամուն»
«Հետախույզ-դիպուկահար լինելու համար առաջին հերթին համբերություն ու պինդ նյարդեր են պետք»,- ասում է Լուսինեն ու ավելացնում, որ պետք է լավ սնվել ու «փորձել մոռանալ ամենօրյա հոգսերը»:
«Դիտարկում կա, որ մի քանի րոպե է տևում: Մեկ այլ դեպքում դու, հնարավոր է, նույն դիրքով ստիպված լինես նստել մի քանի ժամ: Մի բան ասեմ, որ հնարավոր է տարօրինակ թվա ձեր ականջին, երբ սահմանին նշանոցից նայում ես դիմացդ` միշտ մտածում ես` հակառակորդն ուժեղ է քեզանից ու նույնն էլ նրանք են մեր մասին մտածում: Դա է ճիշտը: Քանի որ մի սահմանային ճշմարտություն կա, որով ուզում եմ կիսվել` սահմանին միշտ ուժեղ կլինի նա, ով երբեք չի թերագնահատի իր թշնամուն»,- ասում է Լուսինեն ու քթի տակ ժպտալով ավելացնում, որ սահմանային դիտարկումներից բացի մի քանի անգամ արդեն հասցրել է լինել «սահմանի այն կողմում»:
«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»
Լուսինեն դեռ չունի սեփական ընտանիք: Իր խոսքով` դեռևս պլաններ ունի բանակի` իր մասնագիտության հետ կապված: Բացի այդ խոստովանում է` դժվար է գտնել մի մարդու, ով կհամակերպվի այն բանի հետ, որ ասենք ամբողջ գիշեր տանը չի լինելու ու չի էլ պատասխանելու նրա զանգերին.
«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ: Մտածում եմ, որ ամուսինս այս բնագավառից է լինելու, որովհետև քաղաքացիական անձը դժվար հասկանա ու ընդունի աշխատանքս: Չեմ էլ հասցնում սեփական ընտանիքս կազմելու մասին մտածել, բայց հաստատ գիտեմ` մի օր անպայման կունենամ իմ ընտանիքը»:
«Զինվորը միշտ ուժեղ է այն մարդկանցով, ովքեր իրեն հետ են սպասում»
«Միշտ մտածում եմ, որ ամենակարևորը խաղաղությունն է: Մենք ուժեղ ենք հենց մեր խաղաղասիրությամբ: Ու ծնողներով ենք ուժեղ, ովքեր ամեն օր աղոթում են այդ խաղաղության համար ու սպասում երեխաներին բանակից»,- ասում է Լուսինեն, երբ խնդրում եմ ամփոփել մեր զրույցը.
«Մի բան էլ ավելացնեմ, այդ ծնողներին ուզում եմ վստահություն ցանկանալ: Վստահություն այն բանում, որ իրենց տղերքն անպայման հետ են գալու: Անկեղծ ասեմ` զինվորը միշտ ուժեղ է այն մարդկանցով, ովքեր իրեն հետ են սպասում…»