27/09/2013 17:06
Ա. Ռուստամյան. ՀՅԴ-ն Կոստանյանի անձի հետ կապված խնդիր չունի
«Իրարից տարբերվող անձինք են, որովհետև Աղվան Հովսեփյանը ավելի փորձառու դատախազ է, իսկ նոր առաջադրված անձը այդքան մեծ փորձառություն չունի, սակայն Գ. Կոստանյանն ունի շատ հետաքրքիր մոտեցումներ նորարարական իմաստով, գիտելիքներ արդիականացնելու համար և սա շատ դրական է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումը, հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Խմբակցությունը, նրա խոսքով, դեռ չի քննարկել, թե ինչպես կքվեարկի ԱԺ-ում, բայց, ինչպես ասաց նա, անձի հետ կապված իրենք խնդիր չունեն:
«Մեզ հետաքրքրում էր, թե ինչպես է ինքը տեսնում Ազգային Ժողովի վերահսկողության ավելի բարձր մակարդակ ապահովելը դատախազության գործունեության նկատմամբ և դրա հետ կապված իր մոտեցումները որոնք են, որովհետև իրեն քաջ հայտնի է, որ մեր խնդիրը ընդհանրապես խորհրդարանական համակարգին անցնելն է և առնվազն գոնե այդ տիրույթում ԱԺ վերահսկողության մեծացնելը ամենակարևոր քայլերից մեկը կլինի»,- մասնավորապես ասաց Ա. Ռուսատմյանը: