27/09/2013 12:34
ՕԵԿ. Կոստանյանը լուրջ արժանիքներ ունի, թեկնածությունն արդարացված է
Գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանն ՕԵԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը ներկայացրել է իր մոտեցումները, իր դիրքորոշումը, բարեփոխումների իր տեսլականն արդարադատության ոլորտում: Aysor.am-ի հետ զրույցում, ամփոփելով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հետ քիչ առաջ ավարտված հանդիպումը, այս մասին ասաց ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Մենք այն կարծիքին ենք, որ պարոն Կոստանյանը փորձառու մասնագետ է, աշխատել է արդարադատության տարբեր ոլորտներում և կարող է արդարացնել ու լավ կատարել գլխավոր դատախազի պարտականությունները»,- մասնավորապես ասաց Հ. Մարգարյանը:
Հարցին, թե ճի՞շտ է երիտասադ սերնդի ներկայացուցչին այս տարիքում նման լուրջ պաշտոն վստահելը, պատգամավորը նկատեց, որ մշտապես պետք է առաջնահերթությունը տալ միջին սերնդին. «Կարևոր է, որ մարդն ունենա պրակտիկ գիտելիքներ և անցած ճանապարհ, որն ունի Գ. Կոստանյանը»:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Գ. Կոստանյանի նշանակումը պայմանավորված է Սյունիքյան հայտնի դեպքերի հետ, կիսում է նման կարծիքը պատգամավորը, Հ. Մարգարյանը համարեց դա ասեկոսե է` կրկնելով, որ Կոստանյանը լուրջ արժանիքներ ունի: