28/09/2013 14:32
Քերոլայն Քոքս. Հայաստանի ու Արցախի հերոսները միշտ իրական են
Ես էլ եմ մայր և ես անկեղծորեն արտասվեցի, երբ իմացա, թե ինչպես է սպանվել ձեր որդին: Այս մասին այսօր Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի կիսանդրու բացման արարողության ժամանակ ասաց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը` դիմելով Գուրգեն Մարգարյանի մորը:
«Ես շոկ ապրեցի` իմանալով, որ հայ սպան սպանվել է քնած ժամանակ, ապա խորը զարմանք, որ մարդասպանին Ադրբեջանում հերոսի նման են դիմավորել: Դա ինձ շատ է անհանգստացնում` անհանգստացնում է հենց Ադրբեջանի ապագայի, նրանց երեխաների դաստիարակման տեսանկյունից»,- ասաց Քերոլայն Քոքսն ու ավելացրեց.
«Ի տարբերություն այս ամենի` ես ցանկանում եմ ընդգծել` փառք ու պատիվ Հայաստանի և Արցախի ժողովրդին: Անգամ վատ պայմաններում Արցախում ձեր պայքարի ժամանակ, ես պատիվ եմ ունեցել կանգնել ձեր քաջարի մարտիկների կողքին, ովքեր պաշտպանում էին իրեցն հայրենիքը և իրենց հողը»:
Քերոլայն Քոքսը ողջունեց Գուրգեն Մարգարյանի կիսանդրու բացումն ու նշեց, որ Մարգարյանի ոգին միշտ կենդանի կլինի.
«Եվ պիտի ասեմ` ձեր հերոսներն իրական են: Ես խոստանում եմ, որ կաղոթեմ, որ ձեր երեխաները մեծանան խաղաղության և ազատության մեջ: Աստված օրհնի ձեր ընտանիքներին և Գուրգեն Մարգարյանի ընտանիքին»,- ավարտեց բարոնուհին:
Միջոցառմանը ներկա գրող, հրապարակախոս Զորի Բալայանն իր ելույթում նշեց, որ Գուգենը չի սպանվել, Գուրգենը ողջ է ու այսօր` կիսանդրու տեղադրումով, ևս մեկ անգամ գրանցվեց Երևանում.
«Կիսանդրին այնպես է դրված, որ Գուրգենն Արարատին է նայում: Դա խորհրդանշական է: Դա ապացուցում է` մարդասպանը Գուրգենին չսպանեց»,- ասաց Զորի Բալայանը:
«Ուրախ եմ, որ մեր թաղի տղան դարձյալ իր բակում է»,- այսպես իր ելույթը սկսեց գրող, հրապարակախոս Գուրգեն Ջանիկյանը:
«Ուրախ եմ, որ Գուրգեն Մարգարյանի, մեր սպայի, մեր տղայի կիսանդրին կլինի այստեղ: Նայեք մարդկանց դեմքերին, տեսեք քանի հոգի է այսօր այստեղ եկել Գուրգենին հիշելուա անկեղծ սրտով ու հիշեք թե ինչպես ցուցադրաբար Բաքվում մարդասպանին դիմավորեցին: Գուրգենի ոգին երբեք էլ չի հեռացել: Միշտ եղել է այստեղ ու կլինի»,- ասաց Գուրգեն Ջանիկյանը:
Նշենք, որ Գուրգեն Մարգարյանի կիսանդրին տեղադրվել է «Գուրգեն Մարգարյան» հասարակական-բարեգործական հիմնադրամի ջանքերով: Կիսանդրու քանդակագործը Սերժ Մեհրաբյանն է:
Նախորդող հրապարակում` Երևանում բացվեց Գուրգեն Մարգարյանի կիսանդրին