30/09/2013 17:57
Կոստանյանը՝ սյունիքյան հայտնի դեպքերի վերաբերյալ
ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանին քիչ առաջ հարցով դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա հարցը վերաբերում էր հունիսի մեկին գորիսյանի հայտնի դեպքերին:
Ն. Փաշինյանը նշեց, որ ինքը նայել է տեսաձայնագրությունը և տեսել, որ Ավետ Բուդաղյանը գնում է Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի խմբի հետևից, սակայն մի քանի վայրկյան անց նրան ինչ-որ մեկը կանչում է «Ավետ»:
«Ավետ Բուդաղյանը հետ է դառնում և ստանում է այն վնասվածքը, որը քրեական գործում հիշատակվում է որպես թիվ 1 վնասվածք: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ թիվ 1 վնասվածքն ունի վերևից ներքև ուղղություն, իսկ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը գտնվել են Ավետիկ Բուդաղյանի հետ նույն հարթության վրա»,- դիմելով Կոստանյանին՝ ասաց Փաշինյանը:
Ի պատասխան պատգամավորի՝ դատախազի թեկնածուն հավաստիացրեց, որ նախաքննության ընթացքում հետաքննությունն անցկացվել է օբյեկտիվության, լրիվության և բազմակողմանիության այն աստիճանի պայմաններում, որ «մենք ոչ միայն հիմնավորվել ենք յուրաքանչյուր գործողության հաջորդականությունը, բնույթը, այլև՝ ամբողջությամբ կարողացել ենք հերքել պաշտպանության կողմի ցանկացած և յուրաքանչյուր փաստարկ, և մենք մանրամասն՝ դետալ առ դետալ, ներկայացրել ենք ամեն ինչ»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի կոնկրետ հարցին, ապա Գ. Կոստանյանը պատասխանեց՝ կարևոր չէ, թե ով է ում ուղղորդում, ով ում հաջորդում. «Կարևոր է, որ բոլորը, հանկարծակի եկած, մեքենայից դուրս եկած զինված անձի վարքագծից, իրենց վարքագիծը սկսում են դրսևորել համապատասխանաբար, որովհետև մեքենայից զենքով դուրս գալուց հետո և դրան հաջորդող ժամանակահատվածում, ըստ տեսագրության, տեսնում ենք, որ Տ. Խաչատրյանը և Զ. Նիկողոսյանը գնում և վերցնում են իրենց զենքերը: Դեպքերի հաջորդականությունը հստակ ֆիքսված է և չի կարող տարաձայնություն լինել»,- ասաց Կոստանյանը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի ասած թիվ 1 վնասվածքին, ապա Կոստանյանը նկատեց, որ վնասվածքների համարակալումը պայմանական է. «Առավել ևս, երբ փորձագետները նշում են, որ իրենք չեն կարող որոշել վնասվածքների հաջորդականությունը: Ամենայն հավանակությամբ՝ 1 վնասվածքը եղել է վերջինը, քանի որ դրանից հետո տուժողը չէր կարողնա կատարել գործողություններ»:
Շարունակելով խոսքը՝ Գ. Կոստանյանը նշեց, որ տարբեր կարծիքներ են հնչել դեպքի վերաբերյալ, սակայն հստակ է, որ անկախ նրանից, թե հասարակության տարբեր հատվածներ ինչ վերաբերմունք ունեն տվյալ անձի՝ Սուրիկ Խաչատրյանի կամ տվյալ երևույթի նկատմամբ, միևնույն է՝ դա չի կարող ազդեցություն և նշանակություն ունենալ քրեական գործով որոշումներ կայացնելու վրա, որովհետև անընդունելի է կայացնել որոշում՝ հասարակական համակրանքը կամ հակակրանքը հաշվի առնելով:
Արձագանքման ժամանակ Ն. Փաշինյանը կրկին հարցրեց, թե ո՞վ է կանչել «Ավետ», ինչի հետևանքով Ավետը շրջվել է և ստացել մահացու թիվ մեկ վնասվածքը. «Դուք ճշտել եք, թե ո՞վ է այդ կանչի հեղինակը, այն դեպքում, երբ քրեական գործով բոլոր մարդիկ, ովքեր անցել և անցնում են որպես վկա կամ մեղադրյալ, իրենք այդ կանչի հեղինակը չէին կարող լինել: Այսինքն՝ մեծ է հավանականությունը, որ այդ կանչի հեղինակը եղել է գործից դուրս»:
Ի պատասխան Գ. Կոստանյանը նշեց, որ դա պետք չէ կապել վերջին՝ մահացու կրակոցի հետ, իսկ վերաբերում է, թե ով է կանչել, ապա դա, ըստ Կոստանյանի, կարևոր չէ: