01/10/2013 14:45
«Հասարակության արժեհամակարգը ենթարկվել է գլոբալ փոփոխությունների»
Հեռուստաընկերությունների եթերի բովանդակության և ՀՀ քաղաքացու արժեհամակարգի ձևավորման վրա դրա ունեցած ազդեցության մասին Aysor.am-ը զրուցեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանի հետ:
«Այսօր օբյեկտիվորեն քննարկվում և քննադատվում է հայկական հեռուստաընկերությունների եթերի բովանդակությունը և հատկապես՝ նրա ազդեցությունը ՀՀ քաղաքացու արժեհամակարգի ձևավորման վրա: Այն, որ հայ հասարակության արժեհամակարգը ենթարկվել է գլոբալ փոփոխությունների, անհերքելի փաստ է, և այստեղ է, որ մենք բոլորս մտորում ենք, թե այսօր ինչպիսին պետք է լինի մեր ժամանակների հերոսը, այն իդեալը, որով պետք է ոգեշնչվեն և դաստիարակվեն մեր երեխաներն ու երիտասարդները:
Իսկ որ հեռուստատեսության դերը շատ մեծ է անձի արժեհամակարգի ձևավորման և իդեալի կերտման գործընթացում, նույնպես փաստ է:
Այսօր գաղտնիք չէ, որ հեռուստատեսությունը, համակարգիչը հաճախ դպրոցականների համար փոխարինում են հաղորդակցումն իրենց հասակակիցների, ուսուցիչների, ինպես նաև` ծնողների հետ, ուստի զանգվածային լրատվամիջոցները պետք է շատ զգույշ ինտեգրվեն դաստիարակչական գործընթացում, այնպես, որ ուղղված լինեն անձի զարգացմանը, այլ ոչ թե խեղաթյուրմանը»,- նշեց Ռ. Մուրադյանը:
Ըստ պատգամավորի՝ հեռուստատեսությունը մեզ մոտ էլ պետք է դառնա մեդիակրթության բաղկացուցիչ մաս, ինչպես ընդունված է շատ զարգացած երկրներում:
«Այս ընթացքում փորձեցի ուսումնասիրել միջազգային փորձը այս ոլորտում, և արդյունքում պարզվեց, որ գրեթե բոլոր զարգացած երկրներում գոյություն ունեն առանձին կրթադաստիարակչական, մշակութային հեռուստաալիքներ, որոնց միջոցով տարբեր թիրախային խմբեր` երեխաներ, դեռահասներ, երիտասարդներ, ծնողներ, ուսուցիչներ կարողանում են գտնել իրենց բազմաթիվ հարցերի պատասխանները:
Առաջարկվում է թեմատիկ հաղորդումների շարք ծնողների համար` ուղղված ընտանիքում դաստիարակության ակտուալ խնդիրների լուծումներին, որոնք նաև տպագրվում են թերթում:
ԱՄՆ-ում կրթական ծրագրեր հեռարձակում են շուրջ 200 հեռուստաընկերություններ և 700 մալուխային հեռուստակայաններ:
Կրթական ծրագրերի մշակմամբ և ներդրմամբ զբաղվում են հատուկ մանկավարժական կենտրոններ: Արևմտյան Եվրոպայում նույնպես կրթական հեռուստաալիքը պատվավոր տեղ է զբաղեցնում: Օրինակ` անգլիական BBC հեռուստաընկերությունը տարեկան հեռարձակում է շուրջ 400 ժամ կրթական հեռուստանախագծեր: Ծրագրերը, կարծես, մուտք են գործել կրթական միջավայր, որոնք դիտում են Մեծ Բրիտանիայի գրեթե բոլոր դպրոցներում հստակ սահմանված դասաժամերի ընթացքում: Ֆրանսիայում հանրային հեռուստաընկերությունը շաբաթական երեք ժամ ցուցադրում է կրթական հաղորդումներ, և ուսումնական տեսահաղորդումները ղեկավարում է աուդիովիզուալ ուսուցման ազգային կենտրոնը»,- նշեց Ռ. Մուրադյանը: