09/10/2013 14:18
Երևանում շան թաթերը կապել ու նետել են գետը (Տեսանյութ)
Այսօր Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում` վերգետնյա անցումի մոտ, բազմաթիվ մարդիկ էին հավաքվել: Aysor.am-ի թղթակիցը ևս այնտեղ էր: Մոտակա խանութների ու սրճարանների աշխատակիցներից բացի դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկաններն ու ԱԻՆ փրկարարները: Վերջիններս երկար սանդուղքներ էին իջացնում դեպի Գետառի հունը, որպեսզի փրկեն ներքևում հայտնված շանը, որի թաթերը կապված էին կպչուն ժապավենով:
Մեր թղթակիցը ներկաներից հետաքրքրվեց, թե ինչպես է կենդանին հայտնվել ներքևում: Պարզվեց` շանը կերակրում են մոտակա սրճարաններից մեկի աշխատողները: Նրանց խոսքով` կենդանին հանգիստ է և երբեք անհանգստություն չի պատճառել ոչ անցորդներին, ոչ սրճարանի հաճախորդներին:
Անօգնական շան ձայնը լսել ու ԱԻՆ զանգել է մի երիտասարդ:
Ոչ ոք չի նկատել, թե ով է կապել շան թաթերն ու նրան նետել գետը:
Aysor.am-ն օրերս անդրադարձել էր կենդանիների հետ դաժան վերաբերմունքի դեպքերին ու օրենսդրական բացերին: Հիշեցնենք ևս մեկ անգամ` ոլորտը կարգավորում է միայն ՀՀ վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 92 հոդվածը (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը): Այն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Նշենք նաև, որ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատժի ոչ մի նախադեպ մեզ մոտ դեռ չի գրանցվել:
ՀԳ. Սևուկը, ինչպես պարզվեց ավելի ուշ այսպես է Գետառում հայտնված շունիկի անունը, շատ մարդամոտ էր: Անգամ նման դաժան վերաբերմունքի արժանանալուց հետո ոչ մի անգամ չհաչաց, հակառակը` փրկվելուց անմիջապես հետո վազեց իրեն կերակրող կանանց մոտ:
Նախորդող հրապարակում` Հայաստանում կենդանիներին օրենքի մեկ կետ է պաշտպանում. Նախադեպ չկա