09/10/2013 10:38
«Զվարթնոցի» հին շենքի հարցն այսօր կքննարկվի ՀԽ Մշակույթի ենթահանձնաժողովում
Այսօր տեղի կունենա Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (Կլոր շենք) պահպանման կամ քանդման հարցը:
Ինչպես ավելի վաղ Aysor.am-ի թղթակցին հայտնել էր Հանրային խորհրդի մամուլի խոսնակ Անի Գասպարյանը,Մշակույթի և Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովներում հարցի քննարկումից հետո կգումարվի փոքր խորհրդի նիստ, որին կհաջորդի խորհրդի ընդլայնված նիստը:
Ըստ Անի Գասպարյանի՝ հաջորդ շաբաթ արդեն կլինի վերջնական որոշումն ու այն կուղարկվի կառավարություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ խորհրդի նիստը, որտեղ Ավիացիոն ենթահանձնաժողովը ներկայացրեց բացասական գնահատական՝ հանդես գալով շենքն այլ նպատակներով օգտագործելու մի քանի առաջարկներով:
Նախորդող հրապարակումներ՝ Վաղը կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հարցը
12 մլն դրամ. «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու մտադրության հիմնավորումը
Թարխանյան. Զվարթնոցի հին շենքի հարցը վերաբերում է հեղինակային իրավատերերին
«Զվարթնոցի» հարցով Հանրային խորհրդի վերջնական որոշումը կլինի հաջորդ շաբաթ