11/10/2013 11:47
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին նոր պաշտոն է ստացել
ՀՀ դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները: «Փաստինֆոյի» տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գագիկ Խաչիկյանը, ով մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը:
Նշված վարչության պետ նշանակվել է Արտակ Հարությունյանը` ազատվելով ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Ի դեպ նշենք, որ Ա.Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է և վարչության պետի տեղակալ էր նշանակվել վերջերս:
Մեր աղբյուրների հավաստմամբ` վերջնական է նաև Երևան քաղաքի դատախազի թեկնածուի հարցը, և այդ պաշտոնին նշանակվել է Շենգավիթի վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ նա վերջերս էր նշանակվել նշված վարչական շրջանի դատախազ` ՀՀ նախկին դլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով:
Երևան քաղաքի նախկին դատախազ Հրաչյա Բադալյանը ՀՀ Նախագահի` հոկտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: