18/10/2013 12:09
Ինչպե՞ս եղավ, որ «Զվարթնոցի» հին շենքը հանկարծ դարձավ ոչ սեյսմակայուն
Հայաստանում հաճախ է լինում, որ վերցնում են շենքը, երեսպատումը պոկում են ու ասում` շենքը վատ վիճակում է: «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի հետ նույն բանն է տեղի ունեցել: Նման տեսակետ հայտնեց օդանավակայանի հին մասնաշենքի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ անդրադառնալով մասնաշենքը քանդելու վարձակալի հիմնավորումներին:
«Հենց այնպես չի վերցրել կառավարիչը այդ շենքը, շենքը եղել է նորմալ վիճակում: Եթե անգամ կա խնդիր, այն շատ հեշտությամբ կարելի է լուծել: Շենքը այժմ 100 մլն դոլարից ավելի արժեք ունի: Ո՞րն է գերադասելի, քիչ գումար դնել և ամրությունը ապահովե՞լ, թե՞ մոդեռն ճարտարապետության այդ արժողությամբ նմուշը քանդել»,- հարցրեց Անահիտ Թարխանյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանն էլ ավելացրեց, որ եթե օդանավակայանի վարձակալը հայտարարում է, որ այլևս պատասխանատվություն չի կրում շենքի ճակատագրի համար, քանի որ այն սեյսմակայուն չէ, ուրեմն պետք է փնտրել այլ վարձակալ:
Անահիտ Թարխանյանը նշեց նաև, որ ըստ պայմանագրի՝ կառավարող ընկերությունը պետք է ներդրումներ աներ, և եթե անգամ շենքը սեյսմակայուն չէ, ինչը ճարտարապետներն ու սեյսմոլոգները կասկածի տակ են դնում, ապա այդտեղ նաև վարձակալի մեղքը կա. «Դեռ պետք է պարզել՝ ինչպե՞ս եղավ, որ 10-11 տարվա ընթացքում այդ շենքը դարձավ ոչ սեյսմակայուն ու, իրենց ասելով, քանդելու ենթակա, այն դեպքում, երբ ուսումնասիրությունից երևում է, որ շենքի ներկումից բացի, ուրիշ ոչինչ չի արվել»,- ասաց Թարխամյանը` դժվարանալով նշել, թե որքան գումար է ծախսել վարձակալը շենքի վրա այս տարիների ընթացքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Հանրային խորհրդի ենթահանձնաժողովներում հարցը քննարկվել է, բայց ընդլայնված նիստը դեռ չի կայացել:
Նախորդող հրապարակումներ` Վաղը կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հարցը
12 մլն դրամ. «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու մտադրության հիմնավորումը
Թարխանյան. Զվարթնոցի հին շենքի հարցը վերաբերում է հեղինակային իրավատերերին
«Զվարթնոցի» հարցով Հանրային խորհրդի վերջնական որոշումը կլինի հաջորդ շաբաթ
ՀԽ Մշակույթի հանձնաժողովը որոշեց «Զվարթնոցի» հարցով դիմել նախարարություն
Ճարտարապետներն առաջարկում են կառավարչից հետ վերցնել «Զվարթնոցի» հին շենքը