22/10/2013 17:05
Հակառակորդը կրակել է զինվորական մեքենաների վրա. Զինվոր է զոհվել
Այսօր ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք:
Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր խորին ցավակցությունն է հայտնում շարքային Գարիկ Արտակի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: