22/10/2013 10:03
Ավտովթար Երևանում. Դերասան Երվանդ Ենգիբարյանը մահացել է
Հոկտեմբերի 22-ին, ժամը 04.56-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27OS077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է սյանը և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) և տեղափոխել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին (անձը չպարզված մոտ 30 տարեկան տղամարդ):
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վարորդ Ե. Ենգիբարյանի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մեքենան մասնատել, որպեսզի դին տեղափոխվի:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ Mercedes-ը երբ բախվել է էլեկտրասյանը, էլեկտրասյունը տապալվել էր գետնին և փակել ճանապարհը ու Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հանձնարարականով վթարի վայր էին հրավիրել էլեկտրոցանցի աշխատակիցներին, ովքեր մեծ դժվարությամբ Mercedes-ի տակից փորձում են դուրս բերել էլեկտրասյունը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մահացած վարորդը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր, ով նաև խաղացել էր «Սպանված աղավնի» և «Քայլ ձիով» ֆիլմերում: Նախօրեին նրա ծննդյան օրն էր եղել: