24/10/2013 13:19
«Ձուկը նաև պոչից է հոտում. Արհմիությունները Հայաստանում խնդրողի դերում են»
«Հայաստանում գործող արհմիությունները առաջնորդվում են ԽՍՀՄ ավանդույթներով` ուղեգրեր են բաժանում և սպորտային ու մշակութային միջոցառումներ կազմակերպում: Դա աբսուրդ է»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց իրավաբան Տիրուհի Նազարեթյանը և հավելեց, որ արհմիությունների նպատակը հենց աշխատողների շահերի ներկայացումն է, իսկ առավել արդյունավետ է կոլեկտիվ շահերի պաշտպանության մեխանիզմը: Անհատական աշխատանքային հարաբերությունները անարդյունավետ են, իսկ աշխատակիցը` կախված գործատուից:
Արհմիությունները, ըստ նրա, ևս մեկ առավելություն ունեն. գործատուի հետ խնդիրները չհարթվելու պարագայում կարող են դիմել ծայրահեղ միջոցի` գործադուլի:
Իրավաբանը մեկնաբանեց ձուկը գլխից է հոտում արտահայտությունը, շեշտելով, որ այս պարագայւոմ այն պոչից է հոտում. յուրաքանչյուր աշխատող պետք է արհմիության մասնիկը լինի և կոլեկտիվ պահանջատեր:
APR գրուպ ՀԿ նախագահ Ռուբեն Սարգսյանը իր հերթին նկատեց, որ աշխատանքային իրավունքներից շատերը տեղեկացված չեն, երբեմն չգիտեն արհմիություն կա, թե՝ ոչ:
Արհմիությունների կոնֆեդերացիայում կա տարիքային խնդիր, աշխատողների շահերով զբաղվում են մարդիկ, ովքեր առաջնորդվում են խորհդրային արհմիությունների խնդիրներով: Գործող արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեությունը բանախոսը պասիվ գնահատեց, նշելով, որ կառուցը ոչ թե ուղեգրեր պետք է բաժանի, այլ պաշտպանի աշխատողների շահերն ու իրավունքները. «Արհմիությունները Հայաստանում խնդրողի դերում են, երբ ողջ աշխարհում արհմիությունները պահանջողի դերում են»: