24/10/2013 13:04
Սուրիկ Խաչատրյանը չներկայացավ՝ դատարանի աշխարհագրական դիրքի պատճառով
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցադիմումի գործով այսօրվա դատական նիստին չի ներկայացել նախկին մարզպետը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց այն պատճառով, որ ըստ գործի նյութերի, գործով հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանին լիազորած անձը՝ Սուրիկ Խաչատրյանը: Ուստի որոշվեց հայցվորի կենսագրական ճշմարիտ տվյալները պարզել անձամբ իրենից՝ հայցվորից: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց Սուրիկ Խաչատրյանի անձնագրի պատճենը, սակայն ինչպես արձանագրեց դատարանը, այսօր դատարան ներկայացված և գործի նյութերում առկա անձագրի պատճենների համարները տարբեր են: Պատասխանող Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը նկատեց, որ անցյալ նիստի հետաձգման պատճառը վերացված չէ, ուստի այն չի կարող տեղի ունենալ հայցվորի բացակայությամբ:
Դատական նիստն ընդմիջվեց 20 րոպեով՝ հայցվորի ներկայությունը ապահովելու համար, սակայն պարզվեց, որ ըստ հայցվորի ներկայացուցչի, դատարանի «աշխարհագրական դիրքի պատճառով» հայցվորը չի կարողացել հասնել դատարան՝ «Երևանի մյուս ծայրում է, գիտեք ճանապահներն ինչպիսին են»: Մ.Զիլֆուղարյանը խնդրեց ևս 30 րոպեով հետաձգել դատական նիստը՝ որպեսզի հայցվորը կարողանա հասնել դատարան:
Պատասխանող կողմն արձանագրեց, որ երկրորդ նիստն է, ինչ դատական նիստերը հետաձգվում են հայցվոր կողմի անփույթ ու անպատասխանատու վերաբերմունքի պատճառով, սակայն չառարկեց, որպեսզի նիստն անցկացվի ժամը 12.45-ին:
Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում է 2013թ. հունիսի 12-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերտառությամբ հոդվածում տեղ գտած, սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մասին հատվածները, որոնք, ըստ հայցվոր կողմի, զրպարտություն են: Հայցվորը պահանջում է իրեն պատճառված վնասի փոխհատուցում՝ 1,5 մլն դրամ չափով: