26/10/2013 11:35
Յուրի Վարդանյանի որդու փաստաբան. Դավիթի հոր կամ որևէ հարազատի հետ չեմ խոսել
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի փաստաբան, հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սխալ է համարում այն, որ որդու դեպքի հետ կապված անընդհատ շեշտում են հոր անունը:
«Ինքը հասուն մարդ է, իր արածների համար պատասխանատու, իսկ հայրը մեր ազգի պարծանքն է, բոլորս գիտենք՝ նա ինչեր է արել մեր ազգի համար, ինչո՞ւ են անընդհատ իր անունը շեշտում»,-ասաց նա:
Փաստաբանը, ըստ էության, հրաժարվեց պատասախանել որևէ հարցի, ասելով, որ պետք է դիմել համապատասխան քննչական մարմիններին, քանի որ նախաքննություն է ընթանում:
Հարցին` ինչքա՞ն թմրանյութ է առգրավվել, նա նշեց, որ դա եղել է նաև պաշտոնական հաղորդագրության մեջ, իսկ ինքը չի ուզում որևէ հստակ չափ նշել:
Ռ. Սաֆարյանի խոսքով` իր պաշտպանյալին հանդիպել է միայն 5 րոպեով, միայն հասցրել են ծանոթանալ, ոչ ավելին: Հարցին` Դ. Վարդանյանը ինչպե՞ս էր իրեն զգում, նա նշեց, որ նորմալ վիճակում էր:
Ռ. Սաֆարյանը ասաց, որ Դ. Վարդանյանից բացի նրա հոր կամ որևէ այլ հարազատի հետ չի խոսել:
Փաստաբանը հրաժարվեց խոսել նաև իր հետագա քայլերից, նշելով, որ չի ցանկանում բացահայտել իր մարտավարությունը:
«Ես անգամ միջնորդությունը տալու պահին այդ մասին չեմ խոսում»,-ասաց նա:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը և «թմրամիջոցների մաքսանենգությունը» հատկանիշներով:
Նախորդող հրապարակում` Յուրի Վարդանյանի որդին կալանավորված է. Ոստիկանությունը հաստատում է