30/10/2013 12:49
Ռուբեն Հայրապետյան. «Ընտրական փուլը համարում եմ ձախողված»
Այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով աշխարհի 2014 թ. ֆուտբնոլի առաջնության ընտրական փուլում մեր թիմի ելույթների և հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի թեմային, հայտարարեց, որ ընտրական փուլը ձախողված է համարում, քանի որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու խնդիր էր դրված թիմի առջև, և այն չի կատարվել:
«Աշխարհի առաջնության ուղեգրի տիրանալու խնդրի լուծումը չստացվեց, ուստի համարում եմ, որ ընտրական փուլը ձախողված է: Բայց նաև ցավում եմ, որ թիմից հեռանում է գլխավոր մարզիչը: Կցանկանայի աշխատել նրա հետ, որովհետև գիտեմ Վարդան Մինասյանի կարողությունները: Չկարողացա համոզել, որ մնա, սակայն դեռ կփորձեմ համոզել նրան: ՖՖՖ-ի հետ Վարդան Մինասյանի պայմանագրի ժամկետը կլրանա այսօր, և նա այսօր գործկոմի նիստում պետք է հաշվետվություն ներկայացնի: Կարծում եմ` Վարդան Մինասյանը միջազգային մակարդակի բարձրակարգ մասնագետ է, և ես շատ կցանկանայի, որ նա փոխեր իր որոշումը և շարունակեր աշխատել հավաքականում»,- ասել է ՀՖՖ նախագահը:
Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Վարդան Մինասյանը, այնուամենայնիվ, որոշի տեղափոխվել այլ աշխատանքի:
«Բանակցություններ ենք վարում մի շարք մարզիչների հետ: Հիմա չեմ ուզում անուններ հրապարակել: Երբ կոնկրետ որևէ բան պարզ լինի, անպայման կհայտարարենք այդ մասին: Ժամկետներ նույնպես չեմ կարող ասել»,- նշեց ՀՖՖ նախագահը:
Իսկ ահա Վարդան Մինասյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել է, որ, հավանաբար, հավաքականը կգլխավորի իտալացի կամ իսպանացի որևէ մասնագետ:
«Վարդան Մինասյանն ինձ խորհուրդ է տվել, որ հավաքականը գլխավորի իտալացի կամ իսպանացի մասնագետ, քանզի մեր ֆուտբոլիստներն իրենց որակներով նման են այդ երկրների խաղացողներին: Սակայն սա չի նշանակում, որ անպայման իսպանացի կամ իտալացի է լինելու: Բացառված չէ, որ գերմանացի լինի (հիմա չասեք, թե իմ մականվան հետ եմ կապում-ծիծաղում է): Հնարավոր է նաև, որ հավաքականն արգենտինացի մասնագետ գլխավորի»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը` ավելացնելով, որ հայազգի մասնագետների շրջանում վստահում է միայն Միշել Տեր-Զաքարյանին, սակայն նա կտրուկ մերժել է Հայաստանի ընտրանին գլխավորելու առաջարկը, քանի որ գործող պայմանագիր ունի:
Ավելացնենք, որ ընկերական խաղերի վերաբերյալ ֆուտբոլի ֆեդերացիան կմտածի միայն Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից հետո: