31/10/2013 21:06
Արգիշտի Կիվիրյանին բերման են ենթարկել. Նա նշում էր «Կրակոտ դդում» տոնը
Facebook-յան օգտատեր Տաթև Կոտ Վարդապետյանը քիչ առաջ գրառում է կատարել այն մասին, որ փաստաբան Արգիշտի Կիվիրյանին և ևս 3 ոգու ոստիկանները բերման են ենթարկել:
«ՇՏԱՊ!!!
էս պահին Բաղրամյանի վրա ոստիկանները, բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկում Արգիշտի Կիվիրյանին և Անի Կաղինյանին. ոստիկանները բռնություններով, ակտիվիստների շորերը պատռելով նրանց ստիպողաբար նստեցնում են մեքենան»,- ասված է գրառման մեջ:
Գրառման հեղինակը նաև գրել է. «Նոր խոսեցի Անիի հետ, ասում ա, որ նաև Լուսինե Հովսեփյանն ու Նանե Մինասյանն են իրենց հետ, իրենք հելոուինի կոստյումներով ու դիմակներով էին, ոստիկանները դրա համար են բռնել»:
Ա. Կիվիրյանը Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին նշված անձանց հետ գտնվում է ոստիկանության բաժանմունքում: «Այսօր հին հայկական «Կրակոտ դդում» տոնի առթիվ փորձեցի դդում թողնել նախագահականում, որից հետո Բաղրամյանով իջնելիս՝ ոստիկանները մեզ ասացին, որ մենք չենք կարող քայլել Բաղրամյան 26-ի մոտ, և բերման ենթարկեցին մեզ: Ինձ դեռևս հայտնի չեն պատճառները, թե ինչո՞ւ են մեզ բերման ենթարկել»,- պատմեց նա:
Մեր այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինքը եղել է Helloween-ի հագուստով, Կիվիրյանը բարկացած պատասխանեց. «Իհարկե ոչ: Ի՞նչ կապ ունի այդ հագուստը հին հայկական տոնի հետ»:
«Հայաստանի Հանրապետությունը հասել է այն օրվան, որ ՀՀ քաղաքացին չի կարող քայլել փողոցով, և հաստատվել է բռնապետական ոստիկանական ռեժիմ»,- եզրափակեց Կիվիրյանը: