31/10/2013 13:01
Լ. Ստեփանյանի գործով մեղադրյալի փաստաբան. Սպասում ենք` գործը դատարան մտնի
Նոյեմբերյանի N զորամասում միջադեպի հետևանքով մահացած Լյուքս Ստեփանյանի հայրը` Իշխան Պետրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք դեռևս ամբողջությամբ չեն ծանոթացել գործի նյութերին, սակայն պատրաստվում է փաստաբան վարձել դատարանում իրենց շահերը ներկայացնելու համար:
Գործով մեղադրյալ զինծառայող Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ևս նշեց, որ գործի նյութերին ամբողջությամբ չի ծանոթացել:
«Մենք ավելի շուտ սպասում ենք, որ գործը դատարան մտնի, սակայն որևէ բան դեռևս վերջնական որոշված չէ»,-ասաց նա:
Ե. Սարգսյանը նշեց, որ Դ. Խաչատրյանը այժմ գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում, իրեն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում:
Հարցին` իսկ ինչպես է իր վիճակը, նա նշեց, որ Դ. Խաչատրյանը շարունակում է գտնվել ծանր հոգեբանական վիճակում:
Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Նոյեմբերյանի զորամասի զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանը դեռևս 2 շաբաթ կմնա հոգեբուժարանում:
«Այդքան է տևում փորձաքննության ժամկետը: Նրա հոգեկան վիճակը այժմ կարելի է գնահատել բավարար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել էր:
Նախորդող հրապարակումներ` Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողը 2 շաբաթ կմնա հոգեբուժարանում
Ի՞նչ է կատարվել Նոյեմբերյանի զորամասում. Պատմում է հրամանատարը
Լյուքս Ստեփանյանի հայր. Նախարարը ինձ խոստացավ, որ գործը շուտ կավարտեն
Լ. Ստեփանյանի վրա կրակած զինծառայողը լաց է եղել. Նա չի հիշում` ոնց է կրակել